ԱԺ-ում կառավարության ծրագրի երեկվա քննարկումներն առիթ դարձան վերհիշելու երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի հայտնի ելույթը: Հինգ տարի առաջ կրկին կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ, դիմելով այն ժամանակ նախարար Արմեն Աշոտյանին ու նրա ՀՀԿ-ական գործընկերներին, Վահան Հովհաննիսյանը զգուշացրել էր. «Դուք, որ առանձին մի տեղ ձեր թեկնածությունը ընտրությունների ժամանակ դնեք, ձեզ չպաշտպանի ՀՀ նախագահը, Հովիկ Արգամիչը, ՀՀ ոստիկանապետը, դատախազը եւ հայկական բանակը, դուք քանի՞ ձեն կհավաքեք: Ձեզ էնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն ԱԺ չեք գա, այլ դուք կարտագաղթեք»:
Երեկ, իհարկե, որեւէ մեկը Աշոտյանին ու նրա հանրապետական գործընկերներին «դալաններում չծեծեց» (չնայած մի պահ քիչ էր մնում խորհրդարանի դահլիճում ձեռնամարտ սկսվեր Աշոտյանի ու «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների միջեւ): Բայց ՀՀԿ-ականների հասցեին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների ելույթներն ավելի դաժան էին, ավելի նվաստացնող, քան եթե նրանց դալաններում ծեծեին:
Սա իհարկե միանգամայն սպասելի էր. «Ծառուկյան» խմբակցությունը հին հաշիվներ ունի մի շարք այլ ՀՀԿ-ակաների հետ: Ու քանի որ հիմա ՀՀԿ-ն կորցրել է իշխանությունը, բայց շարունակում է իրեն դրսեւորել նույն ոճով՝ հեգնելով ու ծաղրելով ընդդիմախոսներին, արժանացան հակահարվածի՝ բավական դաժան ու նվաստացուցիչ: Նվաստացուցիչ այն աստիճան, որ հիմա ՀՀԿ-ականներն ունեն բոլոր իրավունքներն իրենց հայտարարելու քաղհալածյալ` միջազգային հանրությունից հայցելով պաշտպանություն: Ինչպես Օստապ Բենդերն էր խորհուրդ տալիս. «դիմեք սեռական ռեֆորմների համաշխարհային լիգային: Միգուցե այնտեղ ձեզ օգնեն»: Սա հատկապես Նաիրա Զոհրաբյանի հայտնի համեմատականից հետո, երբ խորհուրդ տվեց հիշել Կարավաջոյի «Հուդիթ եւ Հողոփեռնես» կտավը: Սահմռկեցուցիչ կտավ, որտեղ Հուդիթը թրի հարվածով կտրում է Հողոփեռնեսի գլուխը…:
Որքան էլ ԱԺ դահլիճում երեկ տեղի ունեցածը զվարճալի էր թվում` ինչ-որ տեղ կոմպենսացնելով այս տարիներին Երեւանի կրկեսի բացակայությունը, բայց միեւնույն ժամանակ սա վտանգավոր է: Վտանգավոր, քանի որ նման մթնոլորտը որեւէ լավ բանի չի հանգեցնի: Եւ հատկապես նոր իշխանությունը, որ ձեւավորվել է ոչ թե պարտադրանքով, այլ ժողովրդի ցանկությամբ, չպետք է իրեն դրսեւորի նախորդի նման: Պետք է տարբերվի նախորդից իր լայնախոհությամբ, ներողամիտ գտնվի ու նաեւ հասարակությանը տանի այդ ճանապարհով: