Հարց քաղաքացիներից` ՀՀ ապրանք ներմուծող անձն ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու նպատակով ի՞նչ փաստաթղթեր է ներկայացնում մաքսային մարմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` ՀՀ ապրանք ներմուծող անձն ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու նպատակով ի՞նչ փաստաթղթեր է ներկայացնում մաքսային մարմին: Ի՞նչ է պահանջվում:

Սահակ Հարությունյան (37 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար դրոշմանիշեր ձեռք բերելու համար ներմուծողը վերադաս մաքսային մարմին է ներկայացնում.
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւի դիմում ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար.
բ) օտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված պայմանագրի պատճենը, որի հիման վրա կատարվելու է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ձեռքբերումը եւ ներմուծումը,
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւի հաշվետվություն` դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նախկինում տրամադրված դրոշմանիշերի օգտագործման մասին:
Օտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված, նախկինում մաքսային մարմին ներկայացված պայմանագրի շրջանակներում ներմուծումներ իրականացվելու դեպքերում պայմանագրի փոխարեն մաքսային մարմին կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետություն ներմուծվելիք ապրանքների տեսականու եւ քանակությունների, տարայի տարողության, իսկ սպիրտային խմիչքների դեպքում նաեւ սպիրտայնության վերաբերյալ տվյալներ պարունակող այլ փաստաթուղթ: («Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի հոդված 7):

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն են գարեջուրը, խաղողի եւ այլ գինիները, գինենյութը, սպիրտը եւ սպիրտային խմիչքները, ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները եւ սիգարետները՝ ծխախոտով կամ դրա փոխարինիչներով, բենզինը, հում նավթը եւ նավթամթերքները, դիզելային վառելիքը, նավթային գազերը եւ գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ բնական գազի):

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:




Լրահոս