Թավշյա հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանում մթնոլորտ է փոխվել, եւ հիմա քաղաքացիները բարձրաձայնում են տարիներ շարունակ կուտակված խնդիրները, որոնց մասին նախկինում գերադասում էին չխոսել` ինչ-ինչ պատճառներից ելնելով: Ոմանք` վախենալով հաշվեհարդարից ու հետապնդումներից, ոմանք մտածում էին, որ, միեւնույն է, իրենց ձայնը տեղ չի հասնի, ու գերադասում էին լռել:
Հիմա, ընդհակառակը, մարդիկ պահանջում են բոլոր այն պաշտոնյաների հրաժարականը, որոնցից մինչեւ հիմա դժգոհ են եղել՝ լինի քաղաքապետ, թե դատախազ, դպրոցի, թե մանկապարտեզի տնօրեն: Հերթը հասել է նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, ում հրաժարականը արդեն մի քանի օր է՝ պահանջում են մի խումբ անձինք` պարբերաբար բողոքի ցույցեր ու երթեր անցկացնելով:
Բայց եթե քաղաքացիների կողմից քաղաքացիական անձ հանդիսացող պաշտոնյաների հրաժարականի պահանջն իրավաչափ է, տրամաբանական (ընդ որում` այդ բոլոր հարցերը կանոնակարգված են սահմանադրությամբ եւ օրենքներով), ապա նույնը չես ասի կաթողիկոսի հրաժարականի պահանջի դեպքում: Ի վերջո, աշխարհիկ իշխանությունը ձեւավորվում է քաղաքացիների ընտրության արդյունքում (այլ հարց, որ նախկինում այդ ընտրության արդյունքները չեն համապատասխանել մարդկանց իրական տրամադրություններին, եւ հենց դա հանգեցրեց թավշյա հեղափոխության): Նույնը, սակայն, չես ասի հոգեւոր իշխանության դեպքում. կաթողիկոսին ընտրում են ոչ թե քաղաքացիները, այլ ազգային եկեղեցական ժողովը: Թեեւ այնտեղ նաեւ աշխարհական մարդիկ կան, բայց նրանք ընտրվում են եկեղեցական համայնքներից: Հետեւաբար, քաղաքացիների կողմից կաթողիկոսին ներկայացված հրաժարականի պահանջը, մեղմ ասած, իրավաչափ չէ: Էլ չենք ասում այն մասին, որ չկան նման պահանջ ներկայացնելու եւ այդ պահանջը կատարելու սահմանադրաիրավական կարգավորումներ:
Այլ հարց, որ կաթողիկոսի դեմ դուրս գային հոգեւորականները՝ սարկավագ ու քահանա, եպիսկոպոս եւ արքեպիսկոպոս` պահանջելով նրա հրաժարականը: Այդ դեպքում հարցը կքննարկվեր ու կլուծվեր կանոնական մարմինների միջոցով:
Ինչ վերաբերում է կաթողիկոսի դեմ մարդկանց դժգոհություններին, ապա նկատենք՝ սա միանգամայն արդարացված է: Իր գահակալության տարիներին Գարեգին Երկրորդն այնքան էլ չարդարացրեց մարդկանց ակնկալիքները, երբ լարված իրավիճակներում հաճախ զորավիգ էր լինում օրվա իշխանություններին, այլ ոչ թե հասարակությանը: Ու հիմա վերջին օրերի իրադարձություններից նաեւ կաթողիկոսը պետք է հետեւություններ անի` փոխելով վերաբերմունքը, մոտեցումները: