ՀՀԿ-ից դուրս եկած պատգամավորների առաջին փորձությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում տեղի կունենա Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը: Միակ թեկնածուն Ելիզավետա Դանիելյանն է, որ առաջադրվել էր դատավորների ընդհանուր ժողովի կողմից: Երեկ այս հարցի քննարկումը խորհրդարանում բավականին թեժ անցավ, եւ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորին ուղղված պատգամավորների հարցերը վերաբերում էին աղմկահարույց մի շարք քրեական գործերի, նաեւ ՀՀԿ-ի իշխանության կողմից գործադրված ճնշումներին:

Բայց ավելի ուշագրավ էին ոչ թե ՍԴ անդամի թեկնածուի շուրջ քննարկումները, այլ քաղաքական իրավիճակը, որում ընթանում էին քննարկումները եւ լուծվելու է հարցը: Ելիզավետա Դանիելյանին Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու համար անհրաժեշտ է խորհրդարանի անդամների երեք հինգերորդի, այսինքն 63 պատգամավորի կողմ քվե։ ՈՒ հիմա նրա ընտրվելու հավանականությունը կասկածի տակ է: Ընտրությունը կկայանա փակ գաղտնի ընթացակարգով։ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր եզրափակիչ ելույթում երեկ արդեն իսկ հայտարարել է, որ իրենց հուզող հարցերը մնացին անպատասխան, այդ պատճառով էլ դեմ են քվեարկելու:

Առայժմ հստակ չէ ՀՅԴ-ի դիրքորոշումը, իսկ ահա «Ծառուկյան» խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը: Նախկինում ՀՀԿ-ն երբեք այսպիսի դեպքերում խնդրի առջեւ չէր կանգնում, քանի որ իր 58 մանդատով եւ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի հետ միասին ապահովում էր 3/5-րդի համար անհրաժեշտ քանակը: Այժմ արդեն ՀՀԿ-ն ունի 52 պատգամավոր եւ, եթե անգամ ՀՅԴ-ն մասնակցի եւ իր յոթ պատգամավորով կողմ քվեարկի, ստացվում է 59 ձայն: Եվ այսօր առաջին փորձությունը կարող է սպասվել, երբ պետք է հասկանալ, թե ինչպես կվարվեն ՀՀԿ խմբակցությունը լքած 6 պատգամավորները: Հետաքրքիր է՝ նրանք իներցիայով կքվեարկեն ՀՀԿ-ի պես, թե սեփական դիրքորոշումը կհայտնեն:

Հենց դրանից է կախված՝ ՍԴ դատավորի թեկնածուն կանցնի, թե ոչ:
Նշենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ Սահմանադրական դատարանում թափուր տեղի համար դատավորի թեկնածու հաջորդաբար առաջադրում է ՀՀ նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը եւ կառավարությունը։ Սահմանադրական դատարանում այս պահին դատավորի մեկ թափուր տեղ կա։ Անցյալ ամիս խորհրդարանը ՍԴ դատավոր չընտրեց նախագահ Արմեն Սարգսյանի ներկայացրած թեկնածու Էմիլ Բաբայանին, ով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի փոխարեն պետք է դառնար դատավոր: Իսկ Ելիզավետա Դանիելյանն առաջադրվում է մեկ այլ թափուր տեղի համար. հունիսի 16-ին լրանալու է դատավոր Վոլոդյա Հովհաննիսյանի 65-ամյակը, եւ նրա լիազորությունները դադարելու են։ Եվ ստացվում է, որ եթե այսօր եւս մեկ անգամ տապալվի քվեարկությունը, ապա Սահմանադրական դատարանում արդեն երկու դատավորի պաշտոն թափուր կմնա, եւ սա շատ հավանական սցենար է:

Այստեղ շատ վատ իրավիճակում է հայտնվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Նա կմնա առանց երկու դատավորի, եւ այս իրավիճակը նաեւ հենց նրա հեղինակած Սահմանադրության հետեւանքն է: Ասել է թե՝ Թովմասյանին նաեւ իր հեղինակած կաղ օրենսդրությունը դեռ երկար է հետապնդելու, եւ եթե իշխանությունը չուզի համալրել թափուր տեղերը, այդպես էլ կմնա:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս