Առաջիկայում «Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր կունենա: Ինչպես հայտնի է, խմբակցության պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հայտարարել է մանդատը վայր դնելու, ինչպես նաեւ կուսակցությունը լքելու մասին: Օրեր առաջ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել էր, թե իրենք փորձելու են համոզել գործընկերոջը, որպեսզի հետ վերցնի մանդատից հրաժարվելու մասին դիմումը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մերուժան Սիմոնյանի որոշումը վերջնական է:
Հրաժարականի պատճառներն իրականում շատ խորն են, եւ որքան էլ ԲՀԿ-ականները հայտարարում են, թե երբեւէ պաշտոնի կռիվ չեն անում, սակայն ակնհայտ է, որ Սիմոնյանի որոշումը հենց դրանով է պայմանավորված: Նա Սյունիքի մարզպետ դառնալու հույսեր է ունեցել, սակայն վերջին պահին պարզվել է, որ այդ պաշտոնն այլ մարդու են հատկացնում՝ Գագիկ Ծառուկյանի ընկերոջ որդուն՝ Կարեն Համբարձումյանին: Եվ հիմա Սիմոնյանին փոխարինողի հարցում եւս հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Սիմոնյանը պատգամավոր է դարձել Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքից՝ հավաքելով 8168 ձայն:
Նրանից հետո հաջորդ առավելագույն ձայն ստացած թեկնածուն Դավիթ Հարությունյանն է (4694 ձայն)՝ Եղեգնաձորի քաղաքապետը, եւ մեր տեղեկություններով` մանդատը վերցնելու ցանկություն չունի: Նրանից հետո ավելի շատ քվե ստացել է Աղասի Հակոբջանյանը (4373 ձայն), սակայն նրա խորհրդարան գալը միանշանակ չէ: Սյունիքի նորանշանակ մարզպետ Համբարձումյանը հենց Հակոբջանյանի փեսան է, եւ այս պարագայում կստացվի աները՝ պատգամավոր, փեսան՝ մարզպետ, սակայն ԲՀԿ-ականները հակված են, որ այսպիսի կապերը միանշանակ չեն ընդունվի թե՛ հասարակության, թե՛ նոր կառավարության կողմից:
Մեր տեղեկություններով` այս պահին այդ առումով քննարկումներ են ընթանում, թե ինչպես վարվեն ստեղծված իրավիճակում: Հավելենք, որ Հակոբջանյանից հետո էլ մյուս ձայներ ստացած թեկնածուն Սերգեյ Բագրատյանն է՝ 4033 ձայն, սակայն նա էլ արդեն պատգամավոր է համամասնական ընտրակարգով: