ՀՔԾ-ն իսկապես ցանկանո՞ւմ է բացահայտել մարտի 1-ի սպանդը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատուկ քննչական ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ քաղաքացիներին խնդրելով 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ տեղեկություններ տրամադրել իրենց այդ առթիվ հարուցված քրեական գործը բացահայտելու նպատակով:
Հուսանք՝ ՀՔԾ-ն այս հայտարարությունը տարածել է հանցագործություն իրապես բացահայտելու նպատակով, այլ ոչ թե քրեական գործը կոծկելու համար, ինչպես արվել է տասը տարի շարունակ: Չէ՞ որ կարող են արդարանալ, թե իրենք իսկապես ուզում էին գործը բացահայտել, բայց արի ու տես, որ քաղաքացիները չարձագանքեցին իրենց կոչին ու չներկայացրին լրացուցիչ փաստեր:

Իսկ եթե ՀՔԾ-ն իսկապես ցանկանում է բացահայտել մարտի 1-ի սպանդը, ապա ձեռքի տակ արդեն իսկ ունի բավական մեծ թվով ապացույցներ: Ու հետազոտելով քրեական գործի նյութերը՝ կարող է պարզել, թե մնացած ապացույցները որտեղից կարելի է ձեռք բերել:
Ի վերջո, մարտի 1-ի գործի քննությունը պետք է սկսել՝ ուսումնասիրության առարկա դարձնելով այդ օրը լուսադեմին Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունները, երբ հատուկջոկատայինները, ամենակոպիտ կերպով խախտելով օրենքը, հարձակվել էին խաղաղ նստացույց անցկացնող քաղաքացիների վրա, բռնությամբ ցրել ցույցը: Պետք է քննության առարկա դարձնել այն հանգամանքը, որ հետո հենց ոստիկանության եւ ԱԱԾ աշխատակիցներն էին զենք, մետաղյա ձողեր տեղադրել Ազատության հրապարակում՝ կեղծ ապացույցներ ստեղծելով քաղաքացիների վրա քրեական գործ հարուցելու համար:

Պետք է քննության առարկա դարձնել նաեւ այն հանգամանքը, որ ոստիկանության աշխատակիցները քաղբանտարկյալների դեմ կեղծ ցուցմունքներ էին տալիս, կեղծ ընթերակա հանդես գալիս: Հետո արդեն կարելի է անցում կատարել մարտի 1-ի երեկոյան տեղի ունեցած իրադարձություններին, երբ արդեն սպանվեց 10 քաղաքացի: Համացանցը ողողված է այդ օրվա մասին տեսանյութերով ու լուսանկարներով: Ու կարելի է հերթով հարցաքննության կանչել այդ միջոցառումներին մասնակցած իրավապահներին կամ առնվազն՝ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին: Այդպես կարելի է իմանալ՝ ով, ինչ հրահանգ է տվել, մանավանդ՝ մամուլում արդեն իսկ ոմանք սկսել են հարցազրույցներում բավական թափանցիկ ակնարկներ անել: Ու, վերջապես, պետք է լրջորեն քննության առարկա դարձնել նախկին փաստահավաք խմբի զեկույցները զոհերից մի քանիսի մահվան հանգամանքների մասին, նաեւ ԶՈՒ-ն ներքաղաքական իրադարձություններին մասնակից դարձնելու մասին: Այդ զեկույցներում բավական հարուստ տեղեկություններ կան, մնում է դրանց հետքերով գնալ:




Լրահոս