ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ` առաջարկելով խորհրդարանական խմբակցություններին քննարկումներ սկսել ԸՕ նախագծի շուրջ: «Հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին հանգուցալուծում տալու անհրաժեշտությունը՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը դիմել է խորհրդարանական խմբակցություններին՝ առաջարկելով Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների մեկնարկի համար ձեւավորել աշխատանքային խումբ»,- նշված է ԱԺ հաղորդագրության մեջ:
Սկսենք նրանից, որ ԱԺ նախագահը, խոսելով ստեղծված քաղաքական իրավիճակին հագուցալուծում տալու անհրաժեշտության մասին, հրապարակավ ընդունում է՝ խորհրդարանում քաղաքական ուժերի ներկայացվածությունը չի արտացոլում Հայաստանյան քաղաքական դաշտի իրական պատկերը: Եւ, իսկապես, նորմալ չէ, երբ խորհրդանում ամենամեծ ուժը ՀՀԿ-ն է, խորհրդարանի ղեկավար պաշտոնները դեռ ՀՀԿ-ի ձեռքում են, իսկ կառավարությունը ղեկավարում է միանգամայն այլ ուժ: Եվ ուրեմն այս իրավիճակը պետք է որքան հնարավոր է, արագ հանգուցալուծվի: Իսկ հանգուցալուծում պետք է տրվի ԸՕ-ում փոփոխություններ անելուց հետո խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու միջոցով:
Ըստ այդմ` Արա Բաբոյանի նախաձեռնությունը լավն է, շատ լավը, բայց միաժամանակ բավական ուշացած: Բանն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ թավշյա հեղափոխության ժամանակ էր հայտարարել ԸՕ-ում փոփոխությունների գորընթաց նախաձեռնելու, եւ դրանից հետո արդեն արդեն ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Փաշինյանը ձեռնամուխ է եղել այդ գործընթացին: Տեւական ժամանակ է՝ ԸՕ նախագծի տարբերակի վրա սկսվել են աշխատանքները. այն համակարգում է Իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպության ղեկավար Դանիել Իոանիսյանը:
Այնպես որ, այս իրավիճակում Արա Բաբլոյանի նախաձեռնությունը չի ընկալվում, եւ հազիվ թե խորհրդարանական մյուս ուժերն այդ առաջարկը խանդավառությամբ ընդունեն: Բայց Բաբլոյանն այս իրավիճակում ստիպված է գնալ նման քայլի, որպեսզի ՀՀԿ-ն փորձի ցույց տալ, թե որպես քաղաքական ուժ դեռ գոյություն ունի: Ավելին` փորձում են ցույց տալ, թե ոչ միայն դեմ չեն ԸՕ փոփոխություններին, այլեւ, ընդհակառակը, հենց իրենք են այդ փոփոխությունների շուրջ քննարկումները նախաձեռնողը:
Միայն թե նման հարցերում ՀՀԿ-ի կարծիքն այլեւս որեւէ մեկին չի հետաքրքրում եւ չի հետաքրքրի դեռ բավական երկար ժամանակ: