Արմեն Սարգսյանը չանդրադարձավ կոռուպցիոն վերջին սկանդալներին, փոխարենը գերադասում է ճամփորդել. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի գործունեության վերաբերյալ ԱԱԾ բացահայտումներն իսկապես շոկ էին հասարակության համար: Շոկ, որից մարդիկ արդեն մի քանի օր է՝ դուրս չեն գալիս, քանի որ չեն կարող ըմբռնել` ինչպե՞ս կարող էր ապրիլյան պատերազմի զինվորներին ուղարկված օգնությունը, անգամ դպրոցականների նամակները չհասնել հասցեատիրոջը, փոխարենը հայտնաբերվել գեներալ պատգամավորի ամառանոցում:

Եւ, ընդհանրապես, թավշյա հեղափոխությունից հետո պաշտոնական լրահոսի մեջ իրենց «պատվավոր» տեղն են զբաղեցնում ամենատարբեր ոլորտներում կոռուպցիոն բացահայտումների մասին հաղորդագրությունները: ԵՒ ահա, մինչ հասարակությունը հերթական անգամ «ալեկոծվում է» կոռուպցիոն հերթական սկանդալի մասին բացահայտումը լսելուց, երկրի նախագահ Արմեն Սարգսյանը քար անտարբերություն է ցուցաբերում կատարվածի նկատմամբ: Դեռ ավելին` այս օրերին նա գերադասել է երկրից հեռանալը՝ «աշխատանքային պայմանավորվածությունների համաձայն»:

Պարզ է, որ Արմեն Սարգսյանի զբաղեցրած պաշտոնը, նոր սահմանադրության համաձայն, ընդամենը արարողակարգային բնույթ ունի: Թեեւ նախագահը համարվում է պետության գլուխը, բայց նման դեպքերում ազդեցության որեւէ լծակ չունի:Բայց սա չի նշանակում, թե նա չունի կարծիք հայտնելու հնարավորություն: Արմեն Սարգսյանը կարող է իր տեսակետն արտահայտել հանրության համար մեծ հետաքրքրություն ներկայացնող այս իրադարձությունների մասին: Առավել եւս, երբ Սահմանադրության 128-րդ հոդվածի համաձայն, հանրապետության նախագահն իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ կարող է ուղերձ հղել Ազգային ժողովին: ՈՒ քանի որ նախագահը սահմանադրության պահպանման երաշխավորն է, կարող է այդ հանգամանքն օգտագործելով, ուղերձով հանդես գալ: Եւ վերջապես, կարող է պարզապես հայտարարություն անել, իր տեսակետը ներկայացնել, ինչպես անում էր թավշյա հեղափոխության օրերին:

Փոխարենը այս օրերին Արմեն Սարգսյանը գտնվում է Մեծ Բրիտանիայում՝ երկրում, որտեղից իրեն հրավիրել էին զբաղեցնելու ՀՀ նախագահի պաշտոնը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն` նա մեկնել է աշխատանքային հանդիպումների նպատակով: Հետո արդեն մեկնելու է Ֆրանսիա, ԱՄՆ: Ասել է թե` Արմեն Սարգսյանը ճամփորդում է` անգամ հարկ չհամարելով հեռվից ուղերձ հղել:

Մեկ փաստ էլ. ժամանակին զարմանալի զուգադիպությամբ Սերժ Սարգսյանը երկրի համար կարեւորագույն իրադարձությունների օրերին բացակայում էր ՀՀ-ից: Հիմա կարծես այդ սովորությունը փոխանցվել է Արմեն Սարգսյանին:




Լրահոս