Ինչպե՞ս կարելի է 20 տարի կառչել աթոռից. Նկարիչները պահանջում են Կարեն Աղամյանի հրաժարականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 19-ին Նկարիչների միությունում արդեն երկրորդ անգամ տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ միության անդամների եւ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների մասնակցությամբ։ Ավելի վաղ՝ հունիսի 8-ին եւս իրականացվել էր նման ակցիա, սակայն այս անգամ միջոցառումն առանձնանում էր երիտասարդ նկարիչների առատությամբ։ Նրանց պահանջներն, ըստ էության, չեն փոխվել՝ միության թափանցիկ գործունեության ապահովում, նախագահության հրաժարական, միության նախկին ֆունկցիաների եւ համբավի վերականգնում, չարաշահումների բացառում, հավասար պայմաններ նկարիչների համար։ Եթե օրեր առաջ միության նախագահ Կարեն Աղամյանը բացակայում էր երկրից, ապա այս անգամ նա ներկա էր ակցիային եւ պատասխանեց ներկաներին հուզող հարցերին։ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է դրանցից ամենաուշագրավները։

Այսպիսով, ներկաները նախեւառաջ առաջ քաշեցին այն հարցը, թե ինչպես է ստացվել, որ պարոն Աղամյանին հաջողվել է 1998-ից մինչեւ հիմա, այսինքն՝ 20 տարի, ստանձնել միության նախագահությունը․«Ես չորրորդ անգամն եմ ընտրվել նախագահ եւ ընտրությունների ժամանակ ամեն անգամ ավելի ու ավելի շատ ձայներ եմ ստացել։ Սա նշանակում է, որ անդամների 80 տոկոսն իմ օգտին է քվեարկել»,-պատասխանեց պարոն Աղամյանը։

Քանդակագործ, իրավաբան Վահան Գալստյանը հակադարձեց․«Հասարակական կազմակերպությունների մասին օրենքի համաձայն` մինչեւ հինգ տարի ժամկետում պետք է անցկացվեր համագումար, եւ եթե դրա ընթացքում պարոն Աղամյանը դներ իր թեկնածությունը եւ ընտրվեր, այդ դեպքում միայն կարող էր միության նախագահի պաշտոնը ստանձնել»։

Սրան ի պատասխան` պարոն Աղամյանը պատասխանեց․«Ազգային ժողովի կանոնադրությամբ` մինչեւ 5 տարի ժամկետով սահմանված են նախագահության լիազորությունները։ 2017-ի կանոնադրությունը վարչությունը դեռ չի հաստատել, պետք է քննարկենք, որպեսզի ուղարկենք հաստատման։ Առաջնորդվում ենք ՀՀ-ում գործող ՀԿ-ների մասին օրենքով»։

Իսկ այն դիտարկումներին, որ միության նախագահը պարտավոր է պարբերաբար հանդես գալ ֆինանսական ու միության գործունեությանը վերաբերող հաշվետվություններով, միության նախագահը հակադարձեց.«Հաշվետվություններ, ըստ կանոնադրության, ներկայացվում են համագումարների ժամանակ։Վերջին համագումարին, օրինակ, եղել է նման հաշվետվություն, հաջորդին եւս կլինի»։
Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանող, ակցիայի մասնակից Հարություն Հովսեփյանը հիշեցրեց Խորհրդային միության տարիները, երբ Նկարիչների միության անդամ դառնալը պատիվ էր, ձգտում, ինչը չի կարելի ասել ներկայի մասին։

«Նկարիչների միության անդամ կարող են դառնալ միայն մասնագիտական կրթություն ունեցողները, որոնք երեք անգամ կմասնակցեն միության կողմից կազմակերպվող ցուցահանդեսների»,-շեշտեց պարոն Աղամյանը։

Ներկաները, սակայն, իրենց դժգոհությունն արտահայտեցին այն առնչությամբ, որ միությունում ցուցահանդեսների թեմատիկան չի փոխվում, եւ դրանց մասնակցելու հնարավորություն ստանում են միայն յուրայինները․«Այդ ցուցահանդեսներին կարող է ներկայացվել մինչեւ 300 աշխատանք։ Ժյուրին ընտրում է 100-ը։ Ես չեմ ընտրում։ Իմ կամայականության հավականականությունը բացառված է։Մեր միությունում չեն գործում քավոր-սանիկ, խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքները։ Այդպիսի բան հնարավոր չէ, ոչ ոք ինձ դա թույլ չի էլ տա»,-պարզաբանեց պարոն Աղամյանը։
Նա անդրադարձավ նաեւ այն բողոքներին, որ միության դահլիճներում ցուցահանդեսների համար համապատասխան պայմաններ ապահովված չեն․«Հիմա մենք ունենք դահլիճներ,որոնք մասնագետների կարծիքով լավագույնն են տարածաշրջանում։ Վրաստանի նկարիչների միության նախագահը գալիս,նախանձով է նայում դրանց»,-ասաց պարոն Աղամյանը։

Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, որ Նկարիչների միությունը տարիների ընթացքում կորցրել է հսկայական տարածքներ, նախագահը պատասխանեց, որ դա ապօրինի կերպով իրականացվել է միության նախկին նախագահ Պողոս Հայթայանի օրոք․«Նկարիչների միությունը նոր շենք պետք է ունենար, բայց այն վաճառվել է 20 հազար դոլարով պարսիկներին։Եվ ոչ ոք չի բողոքել։ Ես երեք տարի շարունակ դատարաններն ընկա, բայց անզոր գնվեցի, որովհետեւ իմ դիմաց դուրս էին եկել հսկա ուժեր։ Մեր սրճարանը վաճառվել է 700 դոլարով 1997-ին։ Հիմա ես պատրաստվում եմ որոշ հարցեր կրկին բարձրացնել եւ հետամուտ լինել, որ մեր կորուստները հետ բերենք»,-մեկնաբանեց նա։

Հ․Գ․Ի դեպ,շատերը Կարեն Աղամյանին մեղադրում են պաշտոնական դիրքի չարաշահման եւ միության դահլիճները իր ցուցահանդեսներով ողողելու մեջ։Հետաքրքիր է,որ դժգոհությունների այս ֆոնին հունիսի 22-ին միությունում տեղի է ունենալու Կարեն Աղամյանի ստեղծագործությունների ցուցահանդես։

Աննա Բաբաջանյան




Լրահոս