Ադրբեջանը որոշել է սպառնալ պատերազմով. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը ոչ միայն չի հրաժարվում ռազմատենչ հռետորաբանությունից, այլեւ շատ ուղիղ տեքստով բացահայտ սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին: Մասնավորապես, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, խոսելով հաջորդ շաբաթ կայանալիք զորավարժությունների մասին, ասել է. «Մեր նպատակն է նախապատրաստել բանակը պատերազմի համար, եւ այսօր ադրբեջանական բանակն արդեն պատրաստ է ազատագրել օկուպացված տարածքները: Բանակը պատրաստ է նաև հոգեբանորեն»:

Սա, իհարկե, Ադրբեջանի կողմից նման հռետորաբանությամբ առաջին հայտարարությունը, առաջին սպառնալիքը չէ: Նախկինում եւս այդ երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարը խոսել է պատերազմ սկսելու, օկուպացված տարածքներն ազատագրելու մասին: Անկախ նրանից՝ սրանք Զաքիրովի հերթապահ հայտարարություններն էին, թե ոչ, անկախ նրանից՝ դրանք ուղղված էին ներքին, թե արտաքին լսարանին, միեւնույն է, փաստը մնում է փաստ, որ նա մեկ կարեւոր սկզբունք է խախտում՝ հակադրվում է ԼՂ խնդիրը բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու տարբերակին: Ու սա այն դեպքում, երբ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ մինչեւ Հայաստանում թավշյա հեղափոխությունը` Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ վերջին բանակցությունների ժամանակ, հստակ պայմանավորվել էին զերծ մնալ սահմանին իրադրությունը սրելուց, նաեւ հերթական անգամ խոսվել էր հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու մասին: Ու այդ սկզբուքից չի հրաժարվել նաեւ Հայաստանի նոր կառավարությունը:

Ադրբեջանի այս հռետորաբանության պատճառների մասին դժվար չէ կռահել. Հայաստանի նոր իշխանության դիրքորոշումը` Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին, դուր չի եկել նրանց: Ու հիմա Ադրբեջանի կոշտ հռետորաբանությունն այդ ամենի պատասխանն է: Բայց նկատենք, որ հիմա Հայաստանն անպատասխան չպետք է թողնի կատարվածը, եւ ԱԳՆ-ն հատկապես Զաքիրովի այս վերջին հայտարարություններից հետո դիվանգիտական խողովակներով, ինչու չէ, նաեւ հրապարակայնորեն պետք է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեր: Առավել եւս, երբ հենց թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի վարկանիշը միջազգային հանրության մոտ աննախադեպ բարձրացել է, եւ թավշյա հեղափոխության արդյունքում ՀՀ-ում վերականգնված ժողովրդավարության բարձր մակարդակը հենց Ադրբեջանին հակադրելու ամենալավ փաստարկներից մեկն է, ճիշտ այնպես, ինչպես 1990-ականների սկզբներին էր, երբ մեր երկիրը համարվում էր ժողովրդավարության կղզյակ:




Լրահոս