ՄԱԿ ԱԽ բանաձևերի մասին Լավրովի ներկայացրած հակափաստարկները համահունչ են Հայաստանի դիրքորոշմանը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ դեռեւս պաշտոնական հանդիպում չի կայացել: Բայց նրանք այս ընթացքում միմյանց հետ շփվելու առիթ ունեցել են. Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը մասնակցում էին ԵՄ արեւելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Դեռեւս տեղի չի ունեցել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հիմա աշխատում են այդ ուղղությամբ` փորձելով նոր թափ հաղորդել խնդրի կարգավորման գործընթացին:

Եւ ահա մինչ այդ` երեկ, ԼՂ խնդրին անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այսպես, ՌԴ ԱԳ նախարարն իր հայտարարություններով լավագույնս հերքել է վերջին տարիներին միջազգային հարթակներում Ադրբեջանի փաստարկները, որ փորձում էին օգտագործել ամեն առիթով: Խոսքը 1993թ. ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած չորս բանաձեւերի՝ 822, 853, 874 եւ 884 բանաձեւերի մասին է, որոնք ընդունվել էին 1993թ ապրիլի 30-ից նոյեմբերի 12-ը` պատերազմի ամենաթեժ պահերին։ Եւ ահա այդ բանաձեւերի մասին ադրբեջանցի լրագրողի հարցին ի պատասխան` Լավրովը նշել է. «Այդ բանաձեւերն ընդունվել են ռազմական գործողությունների ժամանակ:

Ձեռք առնված մի շարք միջոցների ու նաեւ դրանց շնորհիվ հնարավոր դարձավ կանգնեցնել արյունահեղությունն ու խնդիրը տեղափոխել քաղաքական երկխոսության դաշտ»: Նա նաեւ հիշեցրել է. «Առանց բացառության հակամարտության բոլոր կողմերի համաձայնությամբ ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակներում կողմերը համաձայնեցին լուծել բոլոր մնացյալ հարցերը: Դրանց թվում է տարածքների ազատագրման եւ քաղաքական կարգավորման հարցը ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման միջոցով: Այդ ժամանակվանից մենք բոլորս դրանով ենք զբաղված: Ռուսաստանը ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ միասին` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ունենալով Բաքվի եւ Երեւանի լիակատար համաձայնությունը, աշխատում է հակամարտության կարգավորման ուղղությամբ: Իսկ որպեսզի հարցը կարգավորվի, անհրաժեշտ է, որ հակամարտող կողմերի միջեւ կոնսենսուս լինի: ՈՒ ես համոզված եմ, որ այդ ժամանակ կարգավորումը մոտ կլինի»:

ՄԱԿ ԱԽ բանաձեւերի մասին Լավրովի ներկայացրած հակափաստարկները համահունչ են Հայաստանի դիրքորոշմանը: Հայաստանը եւս նույն այդ բառապաշարով է հակադարձել ադրբեջանական քարոզչամեքենայի պնդումներին: Միայն թե նկատենք` մի բան է, երբ այդ մասին խոսում է հակամարտության կողմ ճանաչված Հայաստանը, մեկ այլ բան, երբ նույն այդ փաստարկները ներկայացնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի ներկայացուցիչը:




Լրահոս