ԲԵՆԶԻՆ ՎԱՃԱՌՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԳՑԵԼ ՍԵՎ ՑՈՒՑԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «Սի Փի Էս օիլ Քորփորեյշն» ընկերությունը տեւական ժամանակ դատական քաշքշուկների մեջ էր: Ի դեպ, այս ընկերությունը գնումների գործընթացի շրջանակներում որոշ գերատեսչություններին բենզին է մատակարարում: Այդ գերատեսչությունների թվում է նաեւ ՀՀ վիճակագրական կոմիտեն, որը պահանջում է ընկերությանը ներառել սեւ ցուցակում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի վիճակագրական կոմիտեն (նախկին ԱՎԾ-ն) դիմել է ՀՀ գնումների բողոքարկման խորհուրդ եւ պահանջել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում ներառել «Սի Փի Էս օիլ Քորփորեյշն» ընկերությանը: Բանն այն է, որ կոմիտեն ռեգուլյար տեսակի բենզինի ձեռքբերման նպատակով մրցույթ է հայտարարել, որին մասնակցելու հայտ է ներկայացրել նաեւ նշված ընկերությունը, եւ գնահատող հանձնաժողովը որոշել է առաջին տեղ զբաղեցնող մասնակից ճանաչել «Սի Փի Էս օիլ» ընկերությանը: Բայց միաժամանակ վիճակագրական կոմիտեն հայտ ներկայացնելու նույն օրը որոշել է պետական եկամուտների կոմիտեից հետաքրքրվել` արդյոք «ՍԻ Փի Էս օիլ» ընկերությունը պետական բյուջեի նկատմամբ ժամկետանց պարտավորություններ ունի, թե ոչ: Բայց գնահատող հանձնաժողովը սահմանված ժամկետում ՊԵԿ-ից տեղեկություն չի ստացել, ինչի արդյունքում որոշել է ընտրված մասնակից ճանաչել հենց «Սի Փի Էս օիլ» ընկերությանը եւ առաջարկել է կնքել գնման պայմանագիր:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՊԵԿ-ը սահմանված ժամկետից ուշ վիճակագրական կոմիտեին տեղեկություն է տրամադրել այն մասին, որ «Սի Փի Էս օիլ» ընկերությունը մրցույթին հայտ ներկայացնելու օրվա դրությամբ պետական բյուջեի նկատմամբ ունեցել է ժամկետանց հարկային պարտավորություններ` 3 մլն 575 հազար դրամ: Մինչդեռ «Սի Փի Էս օիլ» ընկերությունը պնդում է, որ հարկային պարտավորությունների մասին տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: Բայց չնայած սրան` ընկերությունը իր հերթին եւս դիմում է ՊԵկ եւ ստանում հետեւյալ պատասխանը. «Ընկերության ժամկետանց հարկային պարտավորությունը առաջացել է այս տարվա փետրվարի 28-ին 2017 թվականի դեկտեմբեր ամսվա ԱԱՀ-ի հաշվարկի ճշգրտելու արդյունքում, որը այնուհետեւ վերահաշվարկվել եւ զրոյացվել է ԱԱՀ-ի հաշվարկը կրկին ճշգրտելու արդյունքում»: Հաշվի առնելով սա` «Սի Փի Էս օիլ» ընկերությունը պնդում է, որ բավարարում է մրցույթով սահմանված պահանջներին:
Ավելին` ըստ «Սի Փի Էս օիլ» ընկերության` նույնիսկ հարկային պարտավորություն ունենալու դեպքում հնարավոր չէ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառել, քանի որ մասնակիցը տվյալ դեպքում ի սկզբանե գնման գործընթացի շրջանակում չի ստանձնել որեւէ պարտավորություն, որը խախտվել է, կամ թույլ չի տվել պայմանագրով նախատեսված որեւէ պարտավորության խախտում, կամ չի հրաժարվել գնման գործընթացին հետագա մասնակցությունից, ինչպես նաեւ չի հրաժարվել պայմանագիրը կնքելուց: Նաեւ ընկերությունը գտնում է, որ այս դեպքում ներկայացրել է հայտարարություն, որը ստուգվել է սահմանված կարգով, եւ որի իրականությանը չհամապատասխանելու հանգամանքը հիմք է տվյալ պահին հայտը մերժելու, այլ ոչ թե սեւ ցուցակում ներառելու: Բայց սա վիճակագրական կոմիտեին չի խանգարել դիմել գնումների բողոքարկման խորհուրդ, բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությանը ներառել սեւ ցուցակում: Իսկ ինչպես հայտնի է, սեւ ցուցակում ընկերությունները մնում են 2 տարի, ինչի հետեւանքով չեն կարողանում մասնակցել գնումների գործընթացին: Թե ինչ նպատակ է հետապնդել վիճակագրական կոմիտեն, հայտնի չէ:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «Սի Փի Էս օիլ» ընկերությունը դիմել է բողոքարկման խորհուրդ եւ խնդրել է ընկերությանը չներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցողների ցանկում: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ընկերությունը դատական կարգով վիճարկել է ՀՀ գնումների բողոքարկման խորհուրդում գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում ներառելու պաշտոնական ընթացակարգ նախաձեռնելու համար կայացրած որոշումը: Ընկերությունը դատարանից խնդրել է կիրառել հայցի ապահովման միջոց եւ մինչեւ դատական գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը արգելել բողոքարկման խորհուրդին սեւ ցուցակում ներառել:
Ի վերջո ընկերությանը հաջողվել է այս պատմությունից հաղթած դուրս գալ, քանի որ գնումների բողոքարկման խորհուրդը գտել է, որ «Սի Փի Էս օիլ» ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու հիմքեր չկան: Արդյունքում Խորհուրդը որոշել է ընկերությանը սեւ ցուցակում ներառելու նպատակով նախաձեռնված ընթացակարգը մերժել:
Այս ողջ քաշքշուկն ուշագրավ է, միայն թե պարզ չէ` ինչու են «Սի Փի Էս օիլ» ընկերության նկատմամբ Վիճակագրական կոմիտեում այդպես վարվել. հին հաշիվներ են միմյանց հետ ունեցե՞լ, թե՞ այլ խնդիր կա:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԿԱՐՃ ՈՒ ԱՆՎՏԱՆԳ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՓՈԽԱՐԵՆ
2001-2002թթ. Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցվեց Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ, շուրջ 11 կմ երկարությամբ ճանապարհը: Oգտագործման ռեսուրսը սպառած շրջանցիկ այդ ուղին շարքից դուրս է եկել, ճանապարհի ծածկը շատ տեղերում նստել է, բազմաթիվ խոր փոսեր կան: Մայիսի 7-ից ընթանում են Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: «Վառմաշ» ՍՊԸ-ն հիմնանորոգում է 3 հատվածով, 18.7 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ: Առաջին հատվածը Իջեւանի տարածաշրջանի Բերքաբեր գյուղի խաչմերուկից ձգվում է մինչեւ Աճարկուտ գյուղի խաչմերուկ, 2-րդ հատվածը` Կիրանցից մինչեւ Ոսկեպարի դպրոցի վերեւի տարածք, 3-րդ հատվածը` Ջուջեւան գյուղից մինչեւ Նոյեմբերյան քաղաք: Նախատեսվում է կատարել 2 միլիարդ 200 միլիոն դրամի աշխատանքներ: Կատարվում են ճանապարհի մաքրում, լայնացում, առուների եւ կողնակների մաքրում, որին կհաջորդի ասֆալտապատումը: Նոյեմբերյանի տարածաշրջանի բազմաթիվ վարորդներ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել են, որ հարկ չկա սահմանագոտին շրջանցող, 11 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգել, պետք էր հին, խորհրդային տարիներին գործող ճանապարհից փոքր-ինչ վերեւ գտնվող հատվածում շուրջ 4 կմ ճանապարհ կառուցել: Այն երկու կողմից ծածկված կլիներ հողապատնեշով եւ լիովին ապահով կլիներ ադրբեջանական հենակետերի գնդակոծությունից: Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ ավտոճանապարհը ավելի քան կրկնակի երկար է խորհրդային տարիների ավտոճանապարհից, շրջանցիկ ուղին լիովին տեսանելի է Օդնդաղ սարի գագաթին գտնվող ադրբեջանական հենակետերից: 2015թ. սեպտեմբերի 24-ին ադրբեջանական զինուժը ռմբակոծեց Բերդավան գյուղը, բերդավանցի 2 կին զոհվեցին: Այդ երեկո ադրբեջանական զինուժը, Օնդաղի գագաթից հզոր լուսարձակներով լուսավորելով Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհը, այն գնդակոծեց: Բարեբախտաբար, տուժածներ չեղան: Սահմանագոտու բնակիչները նշում են, որ Կիրանց-Ոսկեպար շրջանցիկ ճանապարհի 8 կմ հատվածը հիմնանորոգելու գումարով հարկ է անվտանգ, շուրջ 4 կմ երկարությամբ հիմնական ճանապարհ կառուցել:
Ձմռանը խոշոր բեռնատարները չեն կարողանում հաղթահարել բազմաթիվ ոլորաններով, լեռնային տեղանքով շրջանցիկ ավտոճանապարհը, խցանումներ են առաջանում: 2014-2015թթ. շուրջ 600 միլիոն դրամով կառուցվեց Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհը, սակայն բազում կտրուկ ոլորաններով, երթեւեկի համար անհարմար այդ ճանապարհից Բերդի տարածաշրջանի վարորդները ներկայումս գրեթե չեն օգտվում, նրանք երթեւեկում են սահմանի եզրին գտնվող հիմնական ճանապարհով: Շրջանցիկ ճանապարհ կառուցելու փոխարեն հարկ էր սահմանագոտով ձգվող հիմնական ճանապարհի առավել վտանգավոր հատվածում հենապատ կառուցել: Տավուշի սահմանագոտում ճանապարհներ կառուցելիս կամ հիմնանորոգելիս նախագծողները բնակչության կարծիքը հաշվի չեն առնում, մեծ փողեր են ծախսվում, սակայն խնդիրները չեն լուծվում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս