Զարուհի Փոստանջյանի շոուները. ինչու է շարունակում անհնազանդություն դրսևորել. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնանկության հարցը կարելի է համարել լուծված. թեեւ նա պաշտոնապես դեռ հրաժարականի դիմում չի ներկայացրել, բայց փաստացի դադարել է լինել քաղաքապետ: Արդեն մի քանի օր է՝ չի ներկայանում աշխատանքի, անգամ բացակայում էր երեկվա ավագանու նիստից, պաշտոնական պատճառաբանությունը վատառողջ լինելն է: Բայց եթե հաշվի առնենք վերջին օրերի իրադարձությունները` կոռուպցիոն պատմությունների բացահայտում, միաժամանակ նաեւ փաստը, որ այդ ամենով զբաղվում են իրավապահները, պարզ է ամեն ինչ: Պատահական չէ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, նախօրեի երեկոյան անդրադառնալով քաղաքապետի հրաժարականի պահանջով վերսկսված բողոքի ցույցերին, ասել է, թե Մարգարյանի վերաբերյալ փաստերն առանց քննության չեն մնալու, խոսել է «Երեւան» հիմնադրամի վերաբերյալ հարուցված քրեական գործից ու այդքանից հետո կոչ արել դադարեցնել քաղաքացիական անհնազանդության գործողությունները: «Մենք եկել ենք իշխանության, որ նորից գնանք փողոցներում կանգնե՞նք։ Ես էլի կոչ եմ անում դադարեցնել անհնազանդության գործողությունները»,- ասել է նա։

Թվում է` ամեն ինչ ասված է պարզ ու հասկանալի: Եւ տրամաբանությունը ենթադրում է, որ այսքանից հետո պետք է դադարեցվեին անհնազանդության ակցիաները` թույլ տալով իրավապահներին զբաղվելու իրենց գործով, հատկապես, երբ վերջին մեկ ամիսը ցույց տվեց՝ իրավապահները հերթով բացահայտում են կոռուպցիոն երեւույթները` բերման ենթարկելով ու ձերբակալելով անգամ մինչ այս անձեռնմխելի թվացող անձանց, ուստի պետք է վստահել նոր կառավարությանը: Սա ոչ միայն քաղաքապետի հետ կապված, այլեւ ընդհանրապես:

Բայց Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ու նրա երկու անդամների ոչ ադեկվատ պահվածքն ու գործողությունները միանգամայն այլ եզրակացությունների հիմք են տալիս: ԵԾ երեք հոգանոց խմբակցությունը որոշել է էժանագին շոուներ կազմակերպել, տպավորություն ստեղծել, թե իրենք են Մարգարյանի պաշտոնանկության գործընթացը նախաձեռնողը, եւ երեկ ավագանու նիստում փորձում էին այս հարցով հերթական անգամ անիմաստ աղմուկ բարձրացնել: Իսկապես սիրուն չէ: Առավել եւս, երբ արդեն պարզ է՝ այդ պաշտոնանկությունը փաստացի տեղի է ունեցել, եւ սա՝ անկախ Փոստանջյանի ու իր մի քանի հոգանոց կողմնակիցների կամքից:
Իսկ Զարուհի Փոստանջյանն այս իրավիճակում ճիշտ կաներ, եթե ավագանու նիստում կրկես հիշեցնող տեսարանների փոխարեն լծվեր մայրաքաղաքի խնդիրների լուծմանը: Դրանից կշահեր ե՛ւ ինքը, ե՛ւ մայրաքաղաքը:




Լրահոս