Սովոր ենք մեր ունեցածը մեր ձեռքերով ոչնչացնել. Հաղթանակ Շահումյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մշակույթի նախարարությունը պատմամշակութային հուշարձանների ճակատագրով մտահոգ քաղաքացիներին կոչ է անում հանդես գալ Խորհրդային Հայաստանի մոդեռնիստական ժառանգության քաղաքաշինական եւ ճարտարապետական կառույցների, մոնումենտալ արվեստի նմուշների ու կոթողների վերաբերյալ առաջարկություններով եւ նշել այն գործերը, որոնք արժանի են գտնվել պետության պաշտպանության ներքո: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նկարիչ Հաղթանակ Շահումյանի հետ:

Պարո՛ն Շահումյան, իհարկե, մշակույթի նախարարության մտահոգությունը շատերիս մտահոգությունն է, եւ Խորհրդային Հայաստանի մոդեռնիստական կառույցների պահպանության խնդրի մասին էլ մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել ենք, սակայն արդյոք պե՞տք է փրկվելիք հուշարձանների ցանկն այդքան նեղացնել՝ ընդգրկելով միայն մոդեռնիստական նմուշները: Չէ՞ որ մինչ այդ էլ Խորհրդային Հայաստանում ստեղծվել են բազմաթիվ արժեքավոր գործեր, որոնք, սակայն, հայտնվել են բարձիթողի վիճակում:

-Հասկանալի է, որ մշակույթի նախարարությունը մտադիր է պահպանել, ասենք, «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը, «Ռոսիա» կինոթատրոնը, գուցե որոշակիորեն նաեւ Կասկադը եւ այլն: Սակայն ասեմ, որ 1920-30-ական թվականների կոնստրուկտիվիզմի ժամանակվա ճարտարապետությունը ուներ շատ ավելի մոդեռն նմուշներ: Ֆիրդուսի փողոցում կար հրաշալի մանկամսուր՝ կառուցված 30-ականներին, բայց դա ոչնչացվեց: Հիշենք նաեւ, թե ինչ ճակատագրի արժանացավ Առաջին տպարանի շենքը: Այսինքն՝ մենք պետք է մտածենք նաեւ այսպիսի կառույցները պահպանելու մասին: Այլապես սովոր ենք մեր ունեցածը մեր ձեռքերով ոչնչացնել:

-Ի դեպ, Խորհրդային Հայաստանի մոդեռնիստական ժառանգության մի շարք նմուշներ եւս արդեն կա՛մ ոչնչացվել են, կա՛մ դրա եզրին են: Մենք կորցրինք, օրինակ, «Երիտասարդական պալատը»:

-Այո, «Ռոսիա» կինոթատրոնն էլ արդեն վերացրել է, էլ ի՞նչը պետության պահպանության տակ առնեն: Կինոթատրոնի նախնական տեսքից գրեթե ոչինչ չի մնացել: Այն զարդարված էր լավագույն քանդակագործների՝ Արա Շիրազի, Յուրի Պետրոսյանի, Երվանդ Կոդաբաշյանի գործերով: Հիմա շատ քիչ բան է պահպանվել: Խեղված է նաեւ Հանրապետության Հրապարակի մետրոյի միջավայրը, որը ժամանակին բավական հետաքրքիր տեսք ուներ, եւ ավելի վաղ էր պետք առնել պետության պահպանության ներքո: Մենք կորցրել ենք նաեւ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային կինոթատրոնը, եւ այդպես շարունակ…

-Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը պլանավորում էր խորհրդային մի շարք քանդակներ սուզել ջրի տակ՝ ստեղծելով ջրասուզակների թանգարան: Իսկ արդյոք չարժե՞ այդ քանդակները հավաքել մի տեղ՝ ոչ ջրի տակ, եւ ստեղծել խորհրդային տարիների լավագույն նմուշների թանգարան: Չէ՞ որ շատ քանդակներ քաղաքական նկատառումներով հանվեցին կամ ոչնչացվեցին, սակայն պատմական եւ գեղարվեստական առումով դրանք բավական արժեքավոր էին: Այդ թանգարանը կարող էր ապահովել նաեւ զբոսաշրջիկների մեծ հոսք:

-Իհարկե, Պետհամալսարանի Սեւ շենքի դիմացի պուրակում մենք ունեինք Ղուկաս Ղուկասյանի արձանը, որը չհասկացա՝ ինչու հանեցին: Այդ հրաշալի քանդակը ոչնչացվեց, չգիտեմ էլ՝ կա-չկա, կամ հիմա որտեղ է: Կարլ Մարքսի պորտրետը, որը դրված էր Պոլիտեխնիկի առջեւ, եւս հանեցին: Իհարկե, այս եւ մի շարք այլ գործեր կարելի էր մի տեղ հավաքել, բայց ոչ Սեւանի հատակին: Մի բան էլ ասեմ: Առաջին հանրապետության 100-ամյակի առթիվ հուշարձան կանգնեցնելու հարցն էր քննարկվում, եւ ես չեմ հասկանում՝ մեր երկրում ոնց են մտածում: Դեռ խորհրդային տարիներին Երեւանի այցեքարտ դարձած «Լեռնեցիների պարը», որի հեղինակը Տիգրան Արզումանյանն է, թալանեցին, հետո հեղինակը մեկենասների միջոցով վերականգնեց այն: Տարիներ շարունակ արձանախմբի համար քաղաքում տեղ չի գտնվում: Ընդ որում` այն գրանցված է պատմամշակութային հուշարձանների պահպանման ցուցակում: Այս խնդրին տեղյակ է ե՛ւ Երեւանի քաղաքապետարանը, ե՛ւ Հայաստանի կառավարությունը: Առաջարկում եմ մտածել նաեւ այդ ուղղությամբ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս