Նիկոլ Փաշինյանի սպասելի, բայց ուշացած հանդիպումը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է 2016թ. հուլիսին «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքների անդամներին: Խոսելով հանրային համերաշխության վերականգնման մասին` վարչապետը զոհված ոստիկանների ընտանիքների անդամներին հորդորել է օգտվել դատավարական իրավունքներից` շեշտելով, որ այդ իրավունքների պաշտպանության տեղը դատարանն է: Միաժամանակ նա հայտարարել է, թե որպես վարչապետ չի միջամտելու դատարանների գործունեությանը, քանի որ դա սխալ է, եւ նախկինում այդ գործելաոճի պատճառով են եղել լուրջ խնդիրներ: Միաժամանակ վարչապետն ընդգծել է, որ իր համար կարևոր է ՀՀ-ում յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը պաշտպանված լինելը, եւ որ իր պարտավորությունն է ապահովել քաղաքացիների անվտանգությունը, իրավունքների պաշտպանությունը: «Այն մարմիններին, որոնք ենթարկվում են վարչապետին, կտամ հանձնարարականներ, որպեսզի ձեր բարձրացրած որոշ խնդիրներով զբաղվեն»,- ընդգծել է նա:

Ինչեւէ, այս հանդիպումը սպասելի էր, բայց նաեւ շատ ուշացած: Եթե հիշում եք, վարչապետի պաշտոնը ստանձնելուց մեկ շաբաթ անց Փաշինյանը, խոսելով քաղբանտարկյալների խնդրի մասին, հայտարարել էր, թե խնդիր է այն գործերի դեպքում, որտեղ ունենք զոհեր: Ըստ այդմ` Փաշինյանը նշել էր, թե «Սասնա ծռերի» գործի հետ կապված պետք է լինի հանրային քննարկում, նաեւ պետք է լսել սպանվածների հարազատներին: Եւ ահա այդ հանդիպումը տեղի ունեցավ Փաշինյանի խոստումից ավելի քան մեկ ամիս անց: Միայն թե մինչ այդ արդեն ազատ էին արձակվել «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից մի քանիսը: Իհարկե, ազատ են արձակվել նրանք, որոնք ոստիկանների մահվան մեջ չեն մեղադրվում, ոչ էլ այդ միջադեպի կազմակերպիչներն են: Ու նրանց մի մասն ազատ է արձակվել գրավի դիմաց, մի մասի դեպքում պարզապես փոխվել է խափանման միջոցը, իսկ քրեական գործը որպես այդպիսին դեռ շարունակվում է, եւ հայտնի չէ, թե դատարանն ինչ դատավճիռ կկայացնի: Սակայն ինքնին փաստը, որ Փաշինյանը զոհերի հարազատների հետ հանդիպել է «Սասնա ծռերից» շատերի ազատ արձակումից հետո, այնքան էլ ճիշտ չէ:

Մյուս կողմից, նկատենք, «Սասնա ծռերի» անդամներն էլ պետք է գիտակցեն, որ ազատության մեջ են հայտնվել բացառապես թավշյա հեղափոխության արդյունքում: Նրանք ամենավառ երազում անգամ չէին կարող պատկերացնել, որ դուրս կգային բանտից Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեպքում: Սա այն պատճառով, որ նրանց արարքն անընդունելի էր, եւ անընդունելի էր հենց հասարակության աչքին. բացի մի քանի հոգուց, որեւէ մեկը չփորձեց պաշտպանել նրանց:




Լրահոս