Արդեն տասը օր է՝ բնապահպանները շարունակում են բողոքի իրենց ցույցերն ընդդեմ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման. նրանք պնդում են՝ հանքավայրի շահագործումը բնապահպանական անդառնալի վնասներ է հասցնում Հայատանին: Բնապահպանները փակել են դեպի հանքավայր տանող ճանապարհները` արդյունքում զրկելով հանքը շահագործող Լիդիան Արմենիա ընկերության գործելու հնարավորությունից:
Ի պատասխան բողոքի ցույցեր են սկսել Ամուլսարը շահագործող Լիդիան Արմենիա ընկերության աշխատակիցները: Նրանք էլ պնդում են, թե զրկվել են աշխատանքի հնարավորությունից, ավելին՝ հանքը շահագործող ընկերությունը պնդում է, թե չաշխատելու հետեւանքով արդեն հինգ միլիոն դոլարի վնաս են կրել: Կառավարությունից էլ այս կապակցությամբ նշել են, թե հանքերում իրականացվելիք ստուգումները սկսելու են հենց Ամուլսարից, ավելին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ` Ամուլսարին վերաբերող հետագա որոշումները պետք է հիմնված լինեն անհերքելի փաստերի հիման վրա:
Եթե անկեղծ, ապա նկատենք, որ բոլոր կողմերն էլ ճիշտ են իրենց պնդումներում. մի կողմից հանքավայրի շահագործման հետեւանքով բնապահպանական խնդիրների լուրջ վտանգներ կան, չնայած Լիդիան Արմենիայի ղեկավարությունը հակառակն է պնդում: Մյուս կողմից Լիդիան Արմենիա ընկերությունը Հայաստանում վերջին տարիների խոշորագույն ներդրողներից մեկն է, եթե չասենք, ամենամեծը: Նախորդ կառավարության օրոք ներդրումների ոլորտում որոշակի աճ հենց այս ընկերության հաշվին էին ցույց տալիս. հիշում եք օֆշորային Ջերսի կղզուց ՀՀ-ում արված ներդրումները:
Այնպես որ, այս հարցում Հայաստանի նոր կառավարության գործն իրոք բարդ է: Երկուստեք գոհացնող որոշումներ կայացնելը հեշտ չի լինելու: Առավել եւս, երբ փաստ է, որ նախորդ իշխանությունների որոշումները հատկապես նման դեպքերում առավել քան խնդրահարույց են եղել, ասել է թե, ստուգումների արդյունքում չի բացառվում, որ լրջագույն խախտումներ հայտնաբերվեն: Եւ սա` ոչ միայն Ամուլսարի հետ կապված, այլեւ ընդհանրապես հանքարդյունաբերության ոլորտում:
Իսկ այդ բոլոր որոշումները սրբագրելու ճանապարհին էլ չի բացառվում, որ հանքարդյունաբերող ընկերությունները պարզապես դադարեցնեն իրենց գործունեությունը` վնաս հասցնելով տնտեսությանը: Ի վերջո, արդեն տեւական ժամանակ է` Հայաստանի տնտեսությունը հենված է հենց հանքարդյունաբերության վրա: