Բալանսավորված քաղաքականության հրամայականը. Հայաստանը ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի միջև. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ հասարակության ուշադրությունը սեւեռված է աներեւակայելի արագությամբ իրար հաջորդող ներքաղաքական իրադարձություններին, ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում արտաքին ճակատում: Մասնավորապես, ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ Ջեյմս Ափաթուրայն Ազատություն ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե իրենք ցանկանում են է՛լ ավելի խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ եւ պատրաստակամ է աջակցել Փաշինյանի կառավարությանը՝ սկսած բարեփոխումներն ընդարձակելու հարցում:

«Ես անվերապահորեն վստահ եմ, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո մեր կայուն համագործակցությունը կշարունակվի», – պնդել է նա, հավելելով, որ ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի ներդրումը խաղաղապահ առաքելություններում՝ Աֆղանստանում ու Արեւմտյան Բալկաններում:«Մենք կուզենայինք շարունակել աջակցությունը Հայաստանին եւ նոր իշխանությունների սկսած բարեփոխումներին: Նոր կառավարությունը որդեգրել է բարեփոխումների քաղաքականություն, օրինակ՝ պայքար է տանում կոռուպցիայի դեմ: Մենք հատուկ ծրագիր ունենք՝ պաշտպանական ոլորտում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ, որը կարող է օգտակար լինել Հայաստանի նոր կառավարության համար՝ է՛լ ավելի ընդարձակելու իր պայքարը»,- հավաստիացրել է նա:

Նկատենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ մեկնելու է Բրյուսել` մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Եւ հիմա այդ այցի նախաշեմին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այս մեսիջներն ուշագրավ են: Ի դեպ, Հայաստանի նախկին իշխանությունները եւս ժամանակին մասնակցել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներին: Սակայն ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Սերժ Սարգսյանի իշխանությունը չեն ունեցել այն հեղինակությունը, ինչ այսօր ունի նոր Հայաստանը, նորկառավարությունը: Այնպես որ, Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ ՆԱՏՕ-ի նման վերաբերմունքը խոսում է թավշյա հեղափոխությունից հետո միջազգային ասպարեզում մեր երկրի հեղինակության աճի մասին: Ու հիմա նաեւ ՆԱՏՕ-ն է պատրաստակամություն հայտնել իր աջակցությունը ցուցաբերելու Հայաստանին, հատկապես` կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում:

Այս ամենն իհարկե հաճելի է տեսնելը: Միաժամանակ, սակայն, պետք չի կորցնել զգոնությունն ու իրատեսությունը, ըստ այդմ, նոր իշխանությունների օրակարգում է բալանսավորված քաղաքականություն վարելու հրամայականը, այդպես թույլ չտալով երկիրը դարձնել մանրադրամ, գերտերությունների հարաբերություններում: Այնպես որ,ՀՀ-ն պետք է շարունակի խորացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, միաժամանակ հիշելով, որ ՀԱՊԿ անդամ է:




Լրահոս