ՀՀԿ-ն դեմ է թափանցիկությանը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ականներն իսկապես անուղղելի են. իշխանությունը կորցնելուց հետո էլ նրանք դասեր չեն քաղել ու չեն գիտակցում, որ իրենց ողջ խնդիրները սկսվեցին այն բանից հետո, երբ արհամարհեցին օրենքը, հատկապես ընտրությունների ժամանակ, այդպես արհամարհելով նաեւ ժողովրդին: Ու հիմա էլ ՀՀԿ-ականները ջանում են, որ Ընտրական նոր օրենսգրքում կարգավորումներ ամրագրելիս, միեւնույն է, լինեն զանազան սողանցքներ, հատկապես կապված ընտրական պրոցեսների ֆինանսական թափանցիկության հետ: Օրինակ` երեկ ԱԺ-ում Ընտրական օրենսգրքում փոփոխությունների թեմայով քննարկումների ժամանակ ՀՀԿ ԳՄ անդամներ Վիգեն Սարգսյանն ու Դավիթ Հարությունյանը փորձում էին ընդդիմանալ ՀՅԴ առաջարկին, այն է՝ ԸՕ-ում ամրագրել եւ ներդնել ընտրական ծախսերը սահմանափակող եւ վերահսկող միջազգային փորձին համապատասխան համակարգ:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն առաջարկում էր բարձրացնել ծախսերի շեմը` խստորեն այն վերահսկելով, քանի որ շատ հաճախ «սեւ դրամարկղից» արվող ընտրական ծախսերը մի քանի տասնյակ, անգամ հարյուրավոր անգամներ ավելի են հայտարարագրված միջոցներից: Դավիթ Հարությունյանն էլ հակադարձել է, թե օրենքը չի արգելում, որ կուսակցության հետ չկապված անձը քարոզչություն իրականացնի տվյալ կուսակցության օգտին, հարց է հնչեցրել՝ «այդ դեպքում ի՞նչ պետք է անեն, որ այդ մարդու քարոզչը չհաշվարկվի տվյալ ուժի լիմիտի մեջ, որը հիմք տա միջոցներ ձեռնարկել»: Իր հերթին միջամտել է նաեւ ԱԺ վերջին ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը` ասելով. «Օրինակ` ես համերգ եմ կազմակերպում, չե՞մ կարող»:

ՀՀԿ-ականների այս հակադարձումները, թերեւս, պատահական չէին եւ մատնում էին վերջին քսան տարիներին իրենց վարած քաղաքականությունը: Լինելով իշխանության ղեկին` նրանք ահռելի միջոցներ են ծախսել ընտրությունների ժամանակ, եւ այդ ծախսերի մեծ մասն արվել է հենց «սեւ դրամարկղի» միջոցներից: Բայց այս ամենը ՀՀԿ-ն արել է՝ իբր կուսակցության հետ կապ չունեցող անձանց անունից: Երեկ ԱԺ-ում տեղի ունեցածն, ի դեպ, հրաշալի առիթ էր նոր իշխանություններին՝ քննելու նախորդների` ընտրությունների ժամանակ կատարած հանցանքները, հանցանք, որն ուղղված է եղել առաջին հերթին պետության դեմ: Եվ հիմա ՀՀԿ-ն շարունակում է պնդել օրենսդրության մեջ այդ ուղղությամբ խստացումներ չանելու դեմ մեկ պարզ պատճառով. ՀՀԿ-ն մի քանի ամիս առաջ է հեռացվել իշխանությունից, եւ դեռ նրանց ձեռքին ահռելի ունեցվածք կա: Ու չի բացառվում, որ նրանք փորձեն նույն մեթոդներով գումարներ ծախսել առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններում:




Լրահոս