Ո՞վ է այսօր խոսում սահմանադրականության պահպանումից. Հրայր Թովմասյա՞նը. «իյա, իրո՞ք». խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ ՍԴ-ում անցկացված միջոցառման ժամանակ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ելույթը շատ սրտաճմլիկ էր: «Այս տոնն իր կարեւորությամբ զիջում է միայն ՀՀ անկախության տոնին, սակայն այն դեռ չի մտել մեր բնակարաններ: Շատերը կարեւորություն չեն տալիս, թեեւ ես ստանում եմ շնորհավորանքներ: Ցավով եմ արձանագրում այն փաստը, որ շատերն ուշադրություն չեն դարձնում այս տոնին: Ոչ ոք, ոչ մի նպատակ, ոչ մի արժեք չի կարող վեր լիներ սահմանադրականության պահպանումից»,- հայտարարել է նա:

Իսկապես, շատ լավ է ասված, շատ ճիշտ շեշտադրումներով: Բայց, ինչպես կասեր մի շատ հայտնի անձնավորություն՝ «իյա, իրո՞ք»: Ո՞վ է այսօր խոսում սահմանադրականութայն պահպանումից: Հրայր Թովմասյա՞նը: Մի անձնավորությունը, որ ՀՀԿ իշխանության առանցքային դեմքերից մեկն էր, ՀՀԿ խորհրդի անդամ: Նա ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրել է մի իշխանության օրոք, որը ՀՀ-ում հաստատվել է սահմանադրական կարգը տապալելու եւ բռնազավթելու միջոցով: Հիշեցնենք՝ ՀՀԿ-ն իշխանության ղեկին հայտնվեց 1998թ. ներպալատական հեղաշրջման արդյունքում, իսկ 2008թ. մարտիմեկյան ռազմական հեղաշրջումից հետո պարզապես էլ ավելի ամրապնդեց դիրքերը: Եւ իշխանավարման քսան տարիների ընթացքում ՀՀԿ իշխանությունն ամեն քայլափոխի, հետեւողականորեն, անխնա ոտնահարել է ՀՀ Սահմանադրության բոլոր դրույթները:

Բացի այդ, եթե չեք մոռացել, Հրայր Թովմասյանն այսօր գործող Սահմանադրության հիմնական հեղինակներից մեկն էր: Սահմանադրություն, որ ՀՀԿ իշխանության ներկայացուցիչները գրել էին բացառապես մի քանի անձի համար՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, անձնական իշխանավարման անխափան վերարտադրման հարցը լուծելու նպատակով: Սահմանադրություն, որ 2015թ պարտադրվեց՝ հանրաքվեի արդյունքներն ամենալկտի, ամենաբռի մեթոդներով կեղծելու միջոցով: Սահմանադրություն, որն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց մեկ ամիս չանցած, տապալվեց, հանգեցնելով սահմանադրական, քաղաքական խորը ճգնաժամի: Այսօր առանց վարանելու կարելի է ասել՝ խորհրարանական կառավարման համակարգը ՀՀ-ում ոչ միայն չարդարացրեց իրեն, այլեւ՝ դարձել է պետականության ակունքներում դրված դանդաղ գործողության ռումբ, որն ամեն րոպե կարող է պայթել:

Այսքանից հետո, երբ Հրայր Թովմասյանը խոսում է Սահմանադրության տոնի, սահմանադրականության պահպանման մասին, պարզապես զավեշտալի է:
Համաձայնվեք, այսօր նա ոչ թե պետք է նման ելույթներ հնչեցներ, շարունակելով զբաղեցնել ՍԴ նախագահի պաշտոնը, այլ՝ պետք է պատասխանատվության ենթարկվեր՝ հայտարարելով իր հրաժարականի մասին:




Լրահոս