Արմավիրի մարզի բնակիչները կանգնած են գյուղմթերքի իրացման խնդրի առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արմավիրի մարզի Առատաշեն, Հայթաղ, Արտիմետ, Ծիածան, Հովտամեջ գյուղերի բնակիչները կանգնած են գյուղմթերքի իրացման խնդրի առաջ: Նրանք տոննաներով գազար, կարտոֆիլ եւ գլուխ սոխ ունեն, որը տեւական ժամանակ է, ինչ չեն կարողանում իրացնել: Գյուղացիները մտահոգված են, քանի որ չեն կարողանում այն ներքին շուկայում սպառել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմը նոր տարբերակ է գտել գյուղացիների գյուղմթերքը իրացնելու համար: Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունը հայտարարություն է տարածել այն մասին, թե մարզում քանի կգ կամ տոննա գյուղմթերք կա, որը հնարավոր է ձեռք բերել անմիջապես գյուղացիներից շուկայական ցածր գներով: Ըստ այդմ, մարզում այժմ առկա է իրացման ենթակա բարձրորակ 200 տոննա գազար, 7 հազար տոննա սպիտակ գլուխ սոխ եւ 20 հազար տոննա կարտոֆիլ: Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց. «Գյուղացիները մշտապես բախվում են գյուղմթերքի իրացման խնդրի հետ: Դրա համար էլ մենք փորձում ենք այսկերպ հավանական գնորդներ գտնել, նրանց ուղղորդենք, որպեսզի գյուղացիներից անմիջապես ձեռք բերեն մթերքը: Կարտոֆիլը, գլլուխ սոխը չի մթերվում, պետք է արտահանվի»:

Մեր զրուցակցից տեղեկացանք, որ հայտարարության հետքերով 40 զանգ է ստացվել: «Հետաքրքրվողներին տվել եմ գյուղապետերի հեռախոսահամարները, որոնց հետ կարող են կապ հաստատել` գյուղմթերքը գնելու համար: Առայժմ 7-8 համայնքում կա գազար, սոխ, կարտոֆիլ: Եթե տեսնենք` այս տարբերակը գործում է, կամ արձագանք կա, ապա գյուղմթերքի մյուս տեսակների մասով էլ հայտարարություն կտարածենք»,- նկատեց գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս