2008թ. մարտի 1-ի իրադարձությունների մասին Ռոբերտ Քոչարյանի երեկվա հայտարարություններն ամենատարբեր ենթադրությունների տեղիք են տալիս:
«Ամենից անհանգստացնող փաստն այն էր, որ բողոքողները փորձում էին իրենց կողմը քաշել «Երկրապահին»… Այդ ընթացքում «Երկրապահի» ներսում արդեն երկու օր շարունակ այդ հարցի բուռն քննարկումներ էին ընթանում: Ընդ որում, քննարկումներին մասնակցում էին կազմակերպության վարչության մեջ մտնող բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ: Վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն ինքը պաշտպանության նախարարի գործող տեղակալ էր, գեներալ-լեյտենանտի կոչումով:
…Տեղի ունեցողն անթույլատրելի էր. բանակը, փաստորեն, ներքաշվում էր հետընտրական քաղաքական գործընթացի մեջ, ինչն իրական վտանգ էր հանդիսանում սահմանադրական կարգի համար»,- ասել է նա եւ հավելել, որ դրանից հետո հանդիպել է բանակի սպայակազմի հետ, որին, սակայն, ներկա չի եղել Մանվել Գրիգորյանը՝ պատճառաբանելով, թե արձակուրդի մեջ է: «Հանձնարարել եմ փոխանցել նրան, որպեսզի գնա տուն եւ այնտեղ սպասի իր ճակատագրի վերաբերյալ վերջնական որոշմանը: Ասել եմ նաեւ, որ եթե մինչեւ երեկո «Երկրապահ»-ում ժողովները եւ հավաքույթները չդադարեն, ապա անց են կացվելու զենքի եւ զինամթերքի հայտնաբերման միջոցառումներ` շենքի ամբողջ տարածքում եւ ներկաների շրջանում (այդ իսկ օրվա երեկոյին մոտ շենքն արդեն դատարկ էր, Մանվել Գրիգորյանն էլ ենթարկվել ու գնացել էր տուն):…Խոսակցությունը եղել է խիստ եւ շատ կարճ: Որեւէ քննարկում չի եղել ընդհանրապես. ասելիքս ասել ու դուրս եմ եկել»:
Դժվար չէ կռահել՝ 2008թ. փետրվարյան իրադարձությունների ժամանակ իշխանությունները ԵԿՄ-ականներին ընդդիմության կողքից հեռացնելու համար սպառնացել են զենքի-զինամթերքի հայտնաբերման միջոցառումներ իրականացնելով: Սա նշանակում է, որ նախկին իշխանությունները քաջատեղյակ են եղել ԵԿՄ-ականների մոտ եղած զենքից, բայց այդ ապօրինությունների վրա աչք են փակել, քանի դեռ այդ ԵԿՄ-ականները եղել են իրենց կողքին:
Պատահական չէ նաեւ փաստը. 2008թ. հայտնի իրադարձությունների ժամանակ Տեր-Պետրոսյանի կողքին կանգնած մի շարք ազատամարտիկներից շատերը ձերբակալվեցին ու դատապարտվեցին ապօրինի զենք պահելու շինծու մեղադրանքով:
Այդ գործելաոճը շարունակվել է նաեւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը տարիներին: Եւ միայն թավշյա հեղափոխությունից հետո Մանվել Գրիգորյանի հետ կապված հայտնի դեպքերի համատեքստում ԵԿՄ տարբեր բաժանմունքներում եւ ԵԿՄ-ականների տներում իրականացվեցին խուզարկություններ, բացահայտվեց ու առգրավվեց ահռելի քանակությամբ ռազմամթերք: