Կարևոր նախաձեռնություն. կառավարությունն արժեհամակարգ է փոխում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարներին խորհուրդ է տվել ծննդյան օրվա առթիվ միմյանց գրքեր նվիրել: Կառավարության նիստի մեկնարկին Փաշինյանը խոսել է Հայաստանում, հակապես կառավարության անդամների շրջանում ընթերցանությունը խթանելու մասին` հայտարարելով. «Հույս ունեմ, որ մեր աշխատանքը կարող ենք կազմակերպել այնպես, որ գեղարվեստական գրականության ընթերցանությանն էլ բավարար ժամանակ տրամադրենք»: Միաժամանակ նա նախարարներին է տվել «Անտարես» հրատարակչությունից նվեր ստացած գրքերը:

Փաշինյանի նախաձեռնություն իսկապես կարեւոր է: Վերջին քսան տարում Հայաստանում ընթերցանությունը պետականորեն այդպես էլ չի խրախուսվել: Նախկին իշխանություններն ընթերցանության մասին խոսել են բացառապես փետրվարի 19-ին` գիրք նվիրելու օրվա շրջանակներում: Այդպես վարվում էին նախկին վարչապետներ Տիգրան Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը՝ կառավարության անդամներին եւ պատգամավորներին երբեմն նվիրելով գրքեր: Այս տարի գիրք նվիրելու օրը հրատարակիչներին հանդիպել էր դեռեւս նախագահ Սերժ Սարգսյանը, քննարկել գրահրատարակչության ոլորտում առկա խնդիրները եւ վերջ: Ամեն ինչ արվել է` զուտ արարողակարգից ելնելով:

Խոսել են այդ օրն ու հետո մոռացել` այդպես էլ չփորձելով քաղաքացիների մոտ դառնալ օրինակ: Պետական որեւէ բարձրաստիճան պաշտոնյա այս ընթացքում այդպես էլ չի խոսել որեւէ գրքի բովանդակության մասին, չի ներկայացրել իր կարծիքն ու մոտեցումները, ըստ այդմ` քաղաքացիների համար օրինակ չի ծառայել: Ընդհակառակը, քսան տարի շարունակ Հայաստանում մարդկանց մեջ փորձել են սերմանել միանգամայն այլ արժեհամակարգ, որտեղ, սակայն, գրագիտությունը տեղ չուներ:

Այս առումով հավանաբար, հիշում եք խորհրդարանում երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի ելույթներից մեկը, երբ Լեզվի մասին օրենքի շրջանակներում հայտարարել էր. «Եթե ունես գիտելիք, դա քո` հասարակության մեջ հեղինակությանը ոչինչ չի ավելացնում. եթե փող ունես, ավելացնում է, եթե ատրճանակ ունես գրպանում եւ չես վախենում, որ ձեռքիցդ ոստիկանները կխլեն, լկտի ես, ավելացնում է, վզիդ դիամետրը համապատասխան թվից մեծ է, գողական ընկերներ ունես, հեղինակությունդ ավելանում է, գիտելիք ունես, չի ավելանում»:

Թավշյա հեղափոխությունից հետո կարծես նաեւ այս հարցում է փոփոխություն եղել. վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործելաոճը հավատ է ներշնչում, հավատ առ այն, որ Հայաստանում վերջապես կգնահատվեն լուրջ արժեքները եւ մարդկային որակները:




Լրահոս