Ի՞նչ նպատակ էր հետապնդում Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի հետախոսազրույցը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն` Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր, մտքեր փոխանակել ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների մասին:

Թեեւ ՌԴ նախագահը երեկ հեռախոսազրույց ունեցել է նաեւ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավարների՝ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի եւ Ղազախստանի նախագահ Նազարբաեւի հետ, սակայն Փաշինյանի հետ զրույցն ուշագրավ էր Հայաստանում վերջին իրադարձությունների համատեքստում: Ինչպես հայտնի է, Փանիկ գյուղում 102-րդ ռուսական ռազմաբազայի անակնկալ զորավարժությունները մեծ աղմուկ հանեցին ու միանշանակ չընդունվեցին Հայաստանում: Ավելին` հարկ եղավ, որպեսզի հայկական կողմը բարձր մակարդակով արձագանքի կատարվածին: Ռուսական կողմն էլ մեկնաբանեց, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է, ներողություն խնդրեց կատարվածի համար:

Շատ ավելի ուշագրավ էր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի, պատերազմի վերսկսման եւ այդ համատեքստում՝ ՌԴ հնարավոր դերակատարման մասին: ՀՀ վարչապետը մի քանի անգամ շեշտել էր ղարաբաղյան հարցում Ռուսաստանի կարեւորությունը՝ հայտարարելով, թե չի հավատում, որ Մոսկվան թույլ կտա պատերազմ, ավելին՝ ՌԴ-ն ունի բոլոր լծակները տարածաշրջանում էսկալացիա թույլ չտալու համար: «Ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր, դարավոր բարեկամ Ռուսաստանը թույլ կտա տարածաշրջանում պատերազմի վերսկսում»,- ասել էր նա:

Ակնհայտ է, որ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձ է եղել նաեւ այս թեմաներին, թեկուզ եւ հպանցիկ` պայմանավորվելով, որ ավելի մանրամասն կխոսեն Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ նիստի շրջանակներում: ՈՒ մինչ երկու երկրների ղեկավարները դեմ առ դեմ կքննարկեն այս թեման, նկատենք՝ վերջին 20 տարում ՌԴ իշխանությունները «սովոր են» եղել տեսնելու լեգիտիմությունից զուրկ, իրենց առաջ մշտապես գլխիկոր խմբի, որի հետ վարվել են, ինչպես ցանկացել են: Բայց այդ ժամանակներն անցյալում են: Ու որքան էլ հայկական կողմի այժմյան դիրքորոշումը ՌԴ-ին կամ այլ երկրի համար ընդունելի չլինի, միեւնույն է, նրանք պարտավոր են հաշվի նստել իրավիճակի հետ, թեկուզ եւ այն պատճառով, որ ՀՀ գործադիր իշխանությունն ունի բացարձակ լեգիտիմություն, ինչպես 1990-ականների սկզբում էր, ուստի իրեն կարող է թույլ տալ անարգել հետապնդել իր սեփական երկրի շահը:




Լրահոս