Անդրադառնալով Հայաստանում սահմանադրական փոփոխությունների, ըստ այդմ՝ պետական կառավարման մարմինների լիազորությունների վերաբաշխման անհրաժեշտությանը` վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում մեկ ուշագրավ հայտարարություն արեց: «Հայաստանում այսօր հաստատված է խորհրդարանական համակարգ, եւ հետեւաբար, իշխանությունը, պետության պատասխանատվությունը եւ ղեկավարումը դրված է կառավարության եւ վարչապետի վրա։ Բալանսավորումը չի կարող տեղի ունենալ վարչապետի եւ նախագահի միջեւ։ Բալանսավորումը պետք է տեղի ունենա օրենսդրի, գործադրի եւ դատական իշխանությունների միջեւ»,- ասել էր նա եւ իմիջիայլոց հավելել,- «Թեեւ չեմ բացառում, որ նախագահի ինստիտուտի համար եւս մեկ–երկու արարողակարգային լիազորություններ ավելացնենք»:
Ինչպես հիշում եք, ոչ վաղ անցյալում նախագահ Արմեն Սարգսյանը մի քանի անգամ խոսել էր սահմանադրությամբ նախագահի լիազորություններն ընդլայնելու անհրաժեշտության մասին: Ընդ որում` նա այդ թեմայով խոսել էր թավշյա հեղափոխությունից հետո, երբ արդեն «ձայնի իրավունք» էր ստացել: Մինչդեռ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում, ընդհակառակը, Արմեն Սարգսյանը կամովին համաձայնվել էր անգլիական թագուհու դերին, նույնիսկ հարցազրույցներում համոզում էր, թե սխալ է տեսակետը, որ նոր սահմանադրությամբ նախագահը որոշիչ դերակատարություն չունի: Արդեն հունիսին, ընդհակառակը, Արմեն Սարգսյանը հայտարարել էր` սահմանադրությամբ վարչապետին հսկայական լիազորություններ են տրված, եւ որ իրական իշխանությունը պետք է բալանսավորվի խորհրդարանի, կառավարության եւ նախագահի գրասենյակի միջեւ:
Այնպես որ այդքանից հետո վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե բալանսավորում չի կարող տեղի ունենալ վարչապետի եւ նախագահի միջեւ, պատահական չէին: Նա հասկանում է իշխանության մեջ երկու տարբեր բեւեռների ստեղծման անթույլատրելիությունը: Ինչ-ինչ, բայց Փաշինյանը հասկանում է, որ Արմեն Սարգսյանը որոշիչ լիազորություն ունենալու դեպքում կարող է ցանկացած պահի իր դեմ դուրս գալ` լինելով «ընդունելի» թեկնածու իշխանության մեջ գտնվող մյուս ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, նաեւ իշխանությունից հեռացված ու ռեվանշի ձգտող ՀՀԿ-ի, ու ընդհանրապես, իր մնացած հակառակորդների համար: Արմեն Սարգսյանը մերժելի է եղել միայն ՀԱԿ-ի համար, քաղաքական դաշտի մյուս դերակատարները նրան ընդունում են: Ուստի հատկապես կոռուպցիոն այս բացահայտումների համատեքստում վարչապետին պետք չեն նոր գլխացավանքներ: Առավել եւս, երբ Արմեն Սարգսյանն արարողակարգային լիազորություններով պարբերաբար փորձել է մտնել վարչապետի գործունեության դաշտ: Ենթադրում ենք` ոչ միամտաբար: