Նիկոլ Փաշինյանն ու Դավիթ Տոնոյանը պահանջ են դնում միջազգային հանրության առաջ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմը վերջերս նկատելիորեն կոշտացրել է հռետորաբանությունը: Ինչպես հայտնի է, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օրերս հայտարարել էր, թե 2016թ. ապրիլյան սցենարը կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է զերծ չմնալ զինանոցում առկա բոլոր զինատեսակների կիրառման գայթակղությունից: Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, անդրադառնալով նախարարի խոսքերին, նախ ասել է, որ Տոնոյանը «շատ ճիշտ է արել»: Այնուհետեւ վարչապետը պնդել է, թե հայկական կողմի գործողությունները պետք է լինեն համարժեք՝ օպերատիվ իրավիճակից բխող, եւ մեր երկրի ազգային անվտանգության շահերից եւ անհրաժեշտություններից բխող:

Եւ այս համատեքստում Փաշինյանը շեշտել է. «Մենք կարծում ենք, որ խաղաղ բանակցային ճանապարհով հարցի կարգավորումը կարեւոր է, մենք համարում ենք, որ դա հնարավոր է, բայց մենք ասում ենք նաեւ, որ դրա համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ: Ցավոք սրտի Ադրբեջանը իր գործողություններով եւ իր հռետորաբանությամբ հնարավորություն չի տալիս, խաթարում է խաղաղության մթնոլորտը եւ հնարավորությունը, եւ մենք համարժեք ենք լինելու իրավիճակին: Եթե Ադրբեջանը կվերանայի իր մոտեցումը եւ կնպաստի խաղաղության մթնոլորտի հաստատմանը, մենք այդ իրավիճակին կլինենք համարժեք: Եթե այլ ուղղությամբ կգնա, մենք այդ իրավիճակին նույնպես կլինենք համարժեք»:

Փաշինյանն առաջին անգամը չէ, որ հայտարարում է ԼՂ խնդրի լուծման գործում նախ եւ առաջ համապատասխան մթնոլորտ ձեւավորելու անհրաժեշտության մասին` շեշտելով, որ դրանից հետո նոր կարելի է խոսել խնդրի լուծման, փոխզիջումների գնալու հնարավորությունների վերաբերյալ:

Ակնհայտ է՝ Փաշինյանի այս խոսքերն առաջին հերթին ուղղված են միջազգային հանրությանը, մասնավորապես` ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ու գերտերություններին, եւ հետո նոր Ադրբեջանին: Ի վերջո, հենց միջազգային հանրությունը պետք է հետեւողական գտնվի Ադրբեջանին «կարգի հրավիրելու», ռազմական ագրեսիվ հռետորաբանությանը վերջ տալու եւ խաղաղության գնալու մթնոլորտ ձեւավորելու հարցում` ստիպելով այդ երկրին նստել բանակցային սեղան խնդրի լուծման ուղղությամբ իրական քննարկումներ ծավալելու եւ ելքեր գտնելու նպատակով:

Միաժամանակ, միջազգային հանրությունը պետք է Ադրբեջանին «զրկի» ագրեսիվ դիրքերից հանդես գալու հնարավորությունից` պարզապես վերջ դնելով նրա սպառազինությունների մրցավազքի մոլուցքին, էմբարգո դնելով զենքի մատակարարմանը: Այնպես որ, հայկական կողմի կեցվածքից առաջինը պետք է հետեւություններ անեն ու քայլերի դիմեն հենց գերտերություններն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները:




Լրահոս