Բյուջեն՝ ձորում. Նիկոլ Փաշինյանը խոսեց բյուջեի 70 տոկոսը մսխելու մասին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության երեկվա նիստում պետական բյուջեի միջոցների արդյունավետ ծախսերի համատեքստում կրկին անդրադարձել է կոռուպցիոն երեւույթներին: Հիշեցնելով, որ մշտապես խոսվել է պետության ֆինանսական սահմանափակ հնարավորությունների մասին` Փաշինյանն ասել է. «Բայց երբ ուսումնասիրում ենք, թե սահմանափակ գումարներն ինչպես են օգտագործվում, տեսնում ենք, որ այդքան էլ սահմանափակ չեն, որովհետեւ օգտագործվում է հնարավորությունների 30, 40, քարը տրաքի՝ 50 տոկոսը, մնացածը նետվում է ձորը, եւ մենք պետք է ձորի պատուհաններն ու դռները ամուր փակենք, որ որեւէ մեկը չնետի ոչինչ ձորը:

Եթե առկա միջոցները ծախսենք արդյունավետ, լրիվ ուրիշ վիճակ կլինի: Ցավոք, չունենք այնպիսի իրավիճակ, որ ասենք՝ այ էստեղ ինչ-որ բան կասկածելի է թվում, գնանք, տեսնենք, թե ինչ է կատարվում, հետ գանք, ասենք ոչինչ չկա, նորմալ է: Ես չեմ հիշում մի դեպք, որ ստուգող մարմինները մի տեղ մտնեն, ցնցող բացահայտում չանեն: Կարող ենք արձանագրել, որ բոլոր ուղղություններով մեր պետական միջոցները փոշիացվում են: Մինչեւ մենք չփակենք անցքերը, այլ թեմաների մասին խոսելը լուրջ չի լինի»:

Եթե անկեղծ, ապա Նիկոլ Փաշինյանը որեւէ նոր բացահայտում չի արել: Բյուջեի միջոցների անարդունավետ ծախսերի մասին այս տարիներին շատ է խոսվել: Նման բացահայտումներ եղել են մամուլի էջերում: Բացի այդ, նման բացահայտումներ արել են նաեւ պետական մարմինները: Բավական է թերթել ՀՀ վերահսկիչ պալատի նախորդ տարիների հաշվետվությունները. դրանցում չարաշահումների, անարդյունավետ ծախսերի վերաբերյալ փաստերի պակաս չկա:

Եթե չեք մոռացել, 2013թ. ԱԺ ամբիոնից այն ժամանակ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն էլ ասել էր, թե բյուջեի մոտ 70 տոկոսը մսխվում է, ռիսկային կերպով է ծախսվում: Միայն թե այդ հայտարարությունից հետո նախկին իշխանությունը ոչ թե գնաց կոռուպցիոն ռիսկերը բացահայտելու եւ վերացնելու ճանապարհով, այլ ընդհակառակը, նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը հատուկ խորհրդակցություն էր հրավիրել՝ բյուջեն մսխելու մասին բարձրաձայնած պաշտոնյային նախատելու համար, նույնիսկ թաքնված սպառնալիքներ հնչեցրեց նրա հասցեին:

Հիմա բյուջեի միջոցների հազիվ 30-40 տոկոսն արդյունավետ ծախսելու, որ նույնն է, թե բյուջեի 70 տոկոսը մսխելու մասին խոսում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պարզապես, ի տարբերություն նախորդ իշխանության, Նիկոլ Փաշինյանը ռեալ, կտրուկ քայլեր է անում կոռուպցիոն երեւույթները բացահայտելու եւ արատավոր երեւույթներին վերջ տալու համար:




Լրահոս