Ինչպես գրել էինք, Թաշյա հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը մեկը մյուսի հետեւից նոր ընթացք է տալիս նախկինում չբացահայտված դեպքերին:
Դեռեւս հունիսի 14-ին ՀՀ գլխավոր դատախազը, ի թիվս քննարկման առարկա դարձած նման խնդրահարույց այլ գործերի, խնդիր է դրել ակտիվացնելու նաեւ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը:
Հիշեցնենք, որ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանը սպանվել է 2009թ.-ի փետրվարի 3-ին` ժամը 20.15-ին, Երեւանի Բարբյուս փողոցի 65 շենքի 7-րդ հարկի միջանցքում վերելակից դուրս գալուց հետո: Մհերյանի վրա արձակվել էր 8 կրակոց, որոնցից 5-ն էին նրան դիպել:
Փաստի առթիվ դեռ 2009թ.-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` սպանություն, որը կապված է անձի ծառայողական գործունեության հետ, և 235-րդ հոդվածի 1-ին մասով`ապօրինի հրազենի կրում: Սպանված փոխոստիկանապետի հայրը` Պետրոս Մհերյանը, մշտապես հայտարարել է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ամեն ինչ արել է իր որդու գործը կոծկելու համար:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Ալիկ Սարգսյանի հետ հասկանալու համար, թե նա մտավախություն չունի՞, որ թավշյա հեղափոխությունից հետո կարող է Մհերյանի գործը այլ ընթացք ստանալ, եւ նրան պատասխանատվության կանչեն:
-Պարո՛ն Սարգսյան, խնդիր է դրվել ակտիվացնելու ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության դեպքը: Մհերյանի հայրը մշտապես հայտնել է, որ Դուք կարող էիք բացահայտել, բայց չեք արել, հիմա մտավախություն չունե՞ք:
-Չէ՛, որ գործը չի բացահայտվել, արդեն ինքնին պարզ է, որ չկա չբացահայտվող գործ, գոնե քիչ կա, լավ աշխատանքի դեպքում, ճիշտ ուղու վրա դնելու դեպքում գործը կբացահայտվի: Ցավում եմ, որ Մհերյանի գործը չբացահայտվեց, ցավում եմ, բայց ինքը հույս էր կապում նոր ոստիկանապետի հետ, Ազգային անվտանգության ծառայության հետ, տա Աստված, որ մի օր բացահայտվի, ես չեմ պատկերացնում` ինչ մասշտաբի ներողություն պիտի ինձ խնդրի այս ամբողջ տարիներին իմ պատվի հետ խաղալու համար: Ես` որպես ոստիկանապետ, արել եմ ամեն ինչ: Նույնիսկ ասեցի, որ մեր պատվի հարցն է այս գործի բացահայտումը, վերջը փոխոստիկանապետ է: Այդ գործը իմ համար դարձել է մի խարազ ամոթ, որ չի բացվել, մնացած բոլոր գործերը իմ օրոք բացահայտվել են:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան