ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հերթական անգամ որոշել է հիշեցնել իր մասին` այս անգամ հանդես գալով Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ հայտարարությամբ: Հայ-ռուսական հարաբերությունների խորացման անհրաժեշտության մասին պարզագույն ճշմարտություններ շարադրելուց հետո Բաղդասարյանն ասել է, թե անհրաժեշտ են հավասարակշռված դիրքորոշումներ, այլ ոչ թե անխոհեմ առճակատման տանող անփաստարկ եզրահանգումներ: Միաժամանակ Արթուր Բաղդասարյանը նշել է, որ վերջին օրերի «հակառուսական» հայտարարություններն առավել քան անհասկանալի են Փաշինյանի արտաքին քաղաքականությանն առնչվող հայտարարությունների ֆոնի ներքո:
Մենք չէինք անդրադառնա Արթուր Բաղդասարյանի հայտարարություններին, եթե չլիներ մի փոքր հանգամանք: ՕԵԿ նախագահին հավանաբար թվում է, թե հասարակությունը մոռացել է անցյալում իր քայլերն ու հայտարարությունները: Եւ հիմա Բաղդասարյանը փորձում է ներկայանալ «նորովի», կարծես որեւէ առնչություն չի ունեցել 1998թ. ի վեր ՀՀ-ում տեղի ունեցած գործընթացներին, կարծես իրենք չէին հանդես գալիս ընդդիմության դիրքերից, բայց կարեւոր պահերին նետվում իշխանությունների գիրկը (եւ այդպես մի քանի անգամ), ու վերջապես, կարծես իրենք չէին իրենց գործողություններով մարտի 1-ի սպանդը լեգիտիմացնողներից մեկը: Այնպես որ, Արթուր Բաղդասարյանին չէր խանգարի հայ-ռուսական հարաբերությունները խորացնելու մասին գործող իշխանություններին խորհուրդներ տալուց առաջ հիշել իր առաջին հրաժարականի պատճառները:
2005թ., երբ ինքը դեռ զբաղեցնում էր ԱԺ նախագահի պաշտոնը, հայտարարել էր, թե ՀՀ ապագան ՆԱՏՕ-ում եւ ԵՄ-ում է: Նրա խոսքերին սուր արձագանքեց այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Բաղդասարյանն իշխանությունների հետ արտաքին քաղաքականության վերաբերյալ տարաձայնությունների պատճառաբանությամբ հրաժարական ներկայացրեց: Քոչարյանը Բաղդասարյանի քայլերը «դավաճան դրսեւորում» էր որակել այն բանից հետո, երբ 2007թ. ԱԺ ընտրություններից առաջ բրիտանացի դիվանագետներին ՕԵԿ ղեկավարը հորդորել էր ճնշումներ բանեցնել իշխանությունների նկատմամբ:
Հավանաբար, Բաղդասարյանն այս ծանր դեպքերից դասեր է քաղել ու որոշել է իր սեփական փորձով կիսվել նոր իշխանությունների հետ: Միայն թե, համաձայնեք, առանց նրա խորհուրդների էլ ՀՀ արտաքին քաղաքականության պատասխանատուները գիտեն հավասարակշռված դիրքորոշումների անհրաժեշտության մասին պարզագույն ճշմարտությունները: Իսկ Արթուր Բաղդասարյանը ճիշտ կաներ նման հայտարարությունների, ֆեյսբուքյան ուղիղ եթերների փոխարեն նախապատրաստվեր մարտի 1-ի գործով առայժմ որպես վկա հարցաքննվելուն: