ՀՀԿ-ից մեծ արտահոսքը չի դադարում. քանի հոգի է դուրս եկել կուսակցությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թավշյա հեղափոխությունից հետո իշխանական նախկին կուսակցությունից՝ ՀՀԿ-ից սկսվել է մեծ արտահոսք: Թե այս ընթացքում որքան մարդ է դուրս եկել ՀՀԿ-ից, ինչ խնդիրներ դա կարող է հարուցել, այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանի հետ։

֊Պարո՛ն Թադեւոսյան, հեղափոխությունից հետո մինչեւ այժմ քանի՞ կուսակցական է դուրս եկել ՀՀԿ֊ից։

֊Ապրիլի վերջից մինչեւ օգոստոսի 1֊ը մոտ 4500 անձ է դուրս եկել կուսակցությունից։

֊Այս հանգամանքն ի՞նչ խնդիրներ է առաջացնում տարածքային կառույցների համար։

֊Ո՛չ, ոչ մի բան։ Սովորական երեւույթ է։ Ցանկացած իրեն հարգող կուսակցություն միշտ էլ վերահաշվառում անում է։ Նախորդ տարի էլ մենք դա արել ենք. բավական թվով մարդիկ ե՛ւ դուրս են եկել, ե՛ւ անդամագրվել են։ Դա սովորական, բնական գործընթաց է կուսակցությունների համար։ Արտառոց որեւէ բան չկա։

֊Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, կուսակցությունից այսչափ դուրս եկողներ եղե՞լ են, թե՞ ավելի քիչ։

֊Նախորդ տարի 15.000֊ից ավելի մարդ է հեռացվել կուսակցությունից։ Դա վերահաշվարկի ժամանակ արձանագրեցինք։

֊Ի՞նչ պատճառով են հեռացվել։

֊Տարբեր պատճառներով. կուսակցության հետ կապը կտրելու, տեղափոխվելու եւ այլն։ Մեր տարածքային կառույցները դա արել են։ Այնպես որ յուրաքանչյուր տարի կուսակցության շարքերում նմանատիպ գործողություններ արվում են։ Ես կարծում եմ՝ բոլոր կուսակցություններում է դա արվում։ Այստեղ որեւէ խնդիր չկա։

֊Իսկ կա՞ն անձինք, ովքեր անդամակցում են կուսակցությանը։

֊Այո՛, անշուշտ։

֊Ի՞նչ թիվ են կազմում, օրինակ, տարեսկզբից մինչեւ հիմա։

֊Տարեսկզբից մինչեւ հիմա 1500֊ից ավելի անդամագրվել են ։

֊Իսկ դուրս եկողները դիմում են անձա՞մբ անդամատոմսը հանձնելու համար, թե՞ այլ կերպ են դա անում։

֊Դիմումով ներկայանում են տարածքային կառույց կամ հայտարարում են։

֊Եթե տարեվերջին լինեն ընտրությունները, այս պատկերն ի՞նչ դժվարություններ կարող է բերել կուսակցության համար։

֊Չեմ կարծում՝ դժվարություններ լինեն։ Դա սովորական, աշխատանքային գործընթաց է։

֊Իսկ ներկայում հանրապետությունում որքա՞ն է ՀՀԿ֊ականների թիվը։

֊Մոտ 150.000։ Ճշտում ենք հիմա տվյալները։ Այդպես հստակ չասեմ, բայց մոտ 150.000֊ի կարգի դեռեւս նշմարվում է։

֊Կա՞ն մարզեր, որտեղից ավելի շատ են դուրս եկողները։

֊Ո՛չ, հավասարաչափ։ Այդպիսի ընդգծում չկա։

֊Իշխանափոխությունն ի՞նչ դժվարություններ բերեց կուսակցության համար։

֊Ցանկացած կուսակցություն ճշգրտում է իր թվաքանակը, կադրային, վարչական ռեսուրսը։ Մեզ մոտ դա նորմալ հունի մեջ դրված է։ Մենք պարբերաբար՝ յուրաքանչյուր տարի դա անում ենք, արդեն 15 տարուց ավելի։ Տարեվերջին մենք, բնականաբար, նորից կանդրադառնանք այդ խնդիրներին։

֊Իսկ կադրային խնդիրներն ինչպե՞ս են լուծվում դուրս եկածների համատեքստում։

֊Եթե խոսքը կուսակցական աշխատանքների կազմակերպմանն է վերաբերում, բնական է՝ դա արագ լրացվում, համալրվում է։ Որեւէ խնդիր չունենք մենք։ Ենթադրենք` որեւէ կառույցի ղեկավար կամ խորհրդի անդամ իր դիմումի համաձայն դուրս է եկել կուսակցությունից կամ հեռացվել է, հաշվառումից դուրս է գալիս։ Հիմա արձակուրդային շրջան է, շուտով բոլոր տեղերում էլ նիստերով, կանոնադրության համաձայն կհամալրեն կառույցները։ Նորմալ, բնականոն գործընթաց է։ Եվ այդ փոփոխությունները տեղի են ունեցել նախկինում էլ։ Որոշակի ժամանակահատվածներում՝ համագումարներից առաջ կամ հետո, եւ այլ դեպքերում կուսակցականների 30֊40 տոկոսի վերադասավորումներ լինում էին։

֊Իսկ անդամագրվողների մեջ ավելի շատ ի՞նչ տարիքի անձինք են։

֊Երիտասարդներ եւ միջին տարիքի մարդիկ` հիմնականում 30֊40 տարեկան։

Զրուցեց` ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս