Հարց քաղաքացիներից` ամուսինը կարո՞ղ է ստանալ մահացած կնոջ կենսաթոշակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Կինս մահացել է: Իր կենսաթոշակի չափն ավելի բարձր էր, քան իմ կենսաթոշակի գումարի չափը: Տեղյակ եմ, որ կա նման օրենք, երբ ամուսիններից մեկի կեսաթոշակի տոկոսները փոխանցվում են մյուսին: Խնդրում եմ ասեք` հնարավոր է վերահաշվարկ կատարվի եւ կնոջս կենսաթոշակի գումարի չափից որոշ գումար փոխանցվի իմ գումարին:

Սամվել Քառյան (Վանաձոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի մահվան օրվա դրությամբ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված ամուսնուն, եթե չի աշխատում: Օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի չափը ընտանիքի` այդ կենսաթոշակի իրավունքն ունեցող անդամներից յուրաքանչյուրի համար հաշվարկվում է հետեւյալ կերպ. հիմնական կենսաթոշակի չափին գումարվում է մահացած կերակրողի հաշվարկված (ենթադրյալ) կենսաթոշակի աշխատանքային մասի 50 տոկոսը:

Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կենսաթոշակի տեսակը փոխվում է կենսաթոշակառուի դիմելու դեպքում դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից: Կենսաթոշակի տեսակը փոխվում է, եթե կենսաթոշակառուն ունի կենսաթոշակի այն տեսակի իրավունքը, որի համար դիմել է:

Քանի որ Սամվել Քառյանը չի նշել իր եւ իր կնոջ աշխատանքային ստաժների չափերը, ապա հարցին հստակ պատասխանել հնարավոր չէ: Հետեւաբար կենսաթոշակի տեսակը փոխելու եւ իրեն նշանակված կենսաթոշակի փոխարեն կերակրողին կորցնելու դեպքում (կնոջ գծով) կենսաթոշակ նշանակելու հարցը պարզաբանելու համար նա կարող է դիմել սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական բյուջեից ֆինանսավորվող տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձն ունի մեկ կենսաթոշակ ստանալու իրավունք իր ընտրությամբ:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:




Լրահոս