Հիմնադիր խորհրդարանի եւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները (որոնք 2016թ. գրավել էին ոստիկանության ՊՊԾ գունդը` սպանելով երեք ոստիկանի) Հայաստանում քաղաքականություն մտնելու հայտ ներկայացնելուց բացի այժմ էլ որոշել են գործունեություն ծավալել Արցախում: Ինչպես հայտնի է, օրեր առաջ նրանք հայտարարություն էին տարածել` հայտնելով, թե ցանկանում են մուտք գործել ակտիվ քաղաքականություն, ՀՀ-ում կուսակցություն կստեղծեն առաջիկա քաղաքական գործընթացներին մասնակցելու նպատակով:
Այժմ էլ նույն ուժերը որոշել են ընդլայնել գործունեության շրջանակը` հասնելով Արցախ: Մասնավորապես, երեկ նրանք նոր հայտարարություն են տարածել, որտեղ Արցախում իշխանափոխության կոչ են հնչեցնում՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի իշխանությունը որակելով հակապետական, քրեամետ: Արցախի իշխանությունների դեմ հայտարարության հիմք է հանդիսացել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու առնչությամբ ԼՂՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնած ստորագրահավաքը: «Վաղուց ժամանակն է, որ Արցախում եւս իրականացվի տեղային իշխանափոխություն և վերջ տրվի այս երկարատեւ անհեթեթությանը: Օգոստոսի 17-ի համահայկական հանրահավաքը լավ առիթ կհանդիսանա, որպեսզի ժողովուրդը մերժի Ստեփանակերտում նստած թյուրիմացություններին»,- ասված է հայտարարության մեջ: Ու նրանք կոչ են արել նույն օրը Երեւանի հանրահավաքին զուգընթաց Ստեփանակերտում հանդես գալ հանրահավաքով:
Իհարկե, հայտարարության հեղինակները կփորձեն իրենց քայլը մեկնաբանել հայրենքը փրկելու ազնիվ մղումով, ինչպես այսօր մեկնաբանում են երկու տարի առաջ իրենց արած «քաջագործությունը»՝ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը, երեք ոստիկանի սպանությունը: Այլ բան նրանցից դժվար է սպասել: Միայն թե նրանց այս քայլերը չափազանց վտանգավոր են:
Ի վերջո, նրանք կոչ են անում Երեւանում կայանալիք հանրահավաքին զուգընթաց Արցախում իշխանափոխության պահանջով հանրահավաք անցկացնել այն դեպքում, երբ Երեւանում հրավիրված միջոցառման ո՛չ նախաձեռնողը, ո՛չ կազմակերպիչն իրենք չեն: Ինչպես հայտնի է, օգոստոսւի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել Երեւանում, որի ժամանակ ամփոփելու է կառավարության գործունեության 100 օրը: Եւ հիմա «Հիմնադիր խորհրդարանի» ու «Սասնա ծռեր» խմբավորման քայլն այլկերպ, քան սադրանք ՀՀ իշխանության դեմ, դժվար է որակել, երբ օգտագործելով Փաշինյանի հանրահավաքը` փորձում են խժդժություններ իրականացնել նաեւ Արցախում: Մեկ հիշեցում. այս օրերին «Սասնա ծռեր» խմբավորման անդամները հերթով ազատ են արձակվում ԲՀԿ-ական պատգամավորների երաշխավորագրերով: