Միգուցե սխալված լինենք, բայց նկատենք՝ Հայաստանում այսօր հասարակությունը բանական խոսքը լսելու, միտքն ընկալելու, տրամաբանելու եւ վերլուծելու լուրջ խնդիր ունի: Փոխարենը հասարակությունը միանգամից տուրք է տալիս զգացմունքային հայտարարություններին ու հիմնախնդիրներին մոտենում ոչ այնքան տրամաբանության, որքան զգացմունքայնության տեսանկյունից:
Ստեղծված իրավիճակի գլխավոր մեղավորը նախկին իշխանություններն են: Վերջին քսան տարիներին ՀՀ իշխանություններն ամեն քայլափոխի արժեզրկել են խոսքը. մշտապես հրապարակային խոստացել են մի բան, բայց արել հակառակը: Այդ պատճառով էլ հասարակությունը սկսել է դիմացինին չլսել: Բացի այդ, այս տարիներին հետեւողականորեն իջել է հասարակության կրթական մակարդակը: Սա եւս նախկին իշխանությունների հետեւողական աշխատանքի արդյունքում. տարիներ շարունակ ուսումնական հաստատությունները վերածվել էին օրվա իշխանությանը սպասարկող, «ձայն բերող», ընտրակեղծիք կազմակերպող հիմնարկների: Նախկին իշխանությունների ստեղծած գաղջ մթնոլորտի հետեւանքով էր Հայաստանից մտքի արտահոսքը, երբ մասնագետները պարզապես լքեցին երկիրը:
Այս առումով վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ այցի ժամանակ իր ելույթներում մի քանի կարեւոր շեշտադրում է արել` վերհանելով ամենամեծ խնդիրները:
Նախ՝ Փաշինյանն արձանագրել է, որ Հայաստանն ունի մեկ փրկիչ՝ ՀՀ քաղաքացին: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս աթիռ ունեցել է արձանագրելու, որ վերջին քսան տարում ՀՀ քաղաքացին օտարված էր իր պետությունից` վերածվելով ընդամենը բնակչի: Ու հիմա ողջունելի է, երբ վարչապետը փորձում է քաղաքացու մոտ արթնացնել երկրին տեր կանգնելու իրավունքի գիտակցությունը` միաժամանակ, խնդրելով քաղաքացուն օգնել «գողի ձեռքը բռնելիս», կոչ անելով ժողովրդից գողացողին բարեւ չտալ:
Փաշինյանը նաեւ կարեւորել է ուսում ստանալը, պրոֆեսիոնալ հմտությունները զարգացնելը, օտար լեզուների իմացությունը` ընդգծելով, որ բարձրագույն կրթությունը միայն դիպլոմ ունենալը չէ: Վարչապետն աշխատանք փնտրողներին այս պահին խորհուրդ է տվել ոչխար պահել, այն արտահանել, քանի որ նախկին արգելքներն ու մենաշնորհներն այլեւս չեն գործում: «Որովհետև մենք չենք ուզում՝ դուք մնաք աղքատ»,- ասել է նա:
Ու վերջապես, Փաշինյանը հայտարարել է, թե ընտրակաշառք տվողները կձերբակալվեն ու կդատապարտվեն, եւ ընդհանրապես «Փողով ընտրություններ առնողները պետք է քաղաքականությունից դուրս մղվեն»։
Մնում է` հասարակության գիտակցության մեջ արվի հեղափոխություն, եւ արմատավորվի այս ամենը: