Պետության և ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք պատասխան են տալու. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, թե պետության եւ ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ եղանակներով: «Ուզում եմ նաեւ ասել, որ այս ողջ պրոցեսի ընթացքում մեր կառավարությունը, մեր իշխանությունը նույնպիսի պատասխանատվություն է զգում ձեր առաջ՝ Հայաստանի պետականության առաջ, ժողովրդի առաջ, օրինականության առաջ, եւ մենք նաեւ այս ողջ քաղաքական գործընթացը կազմակերպելու ենք ժողովրդից ստացած լիազորությունների սահմաններում եւ այդ լիազորությունների սահմանները չենք անցնելու ոչ մի պարագայում, որովհետեւ մենք չենք ուզում ուրիշների ապօրինությունները փոխարինել մեր ապօրինություններով, չենք ուզում ուրիշների թալանը փոխարինել մեր թալանով, մենք չենք ուզում ուրիշների գողացածը տեղափոխել մեր գրպաններ, ուզում ենք ուրիշների գողացածը տեղափոխել պետական բյուջե եւ ծառայեցնել մեր ժողովրդի եւ պետության կարիքներին։ Բոլոր հանցագործները ենթարկվելու են պատասխանատվության։ Ժողովրդից գողացված ամեն մի կոպեկ, ամեն մի լումա վերադարձվելու է ժողովրդին»։

ՀՀ վարչապետի այս հայտարարությունները պատահական չէին: Նա պետության ու ժողովրդի առաջ հանցագործություն կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու մասին խոսում է մի իրավիճակում, երբ ՀՔԾ-ն նոր թափ է հաղորդել մարտի 1-ի գործին` միաժամանակ մեղադրանք առաջադրելով մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների: Այդ գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը նույնիսկ կալանավորվեց, հետո ազատ արձակվեց: Ու թեեւ Փաշինյանը կոնկրետ որեւէ անուն չի տվել, ակնհայտ է՝ նրա հայտարարությունները նաեւ այս իրադարձություններին էին վերաբերում:

Այս համատեքստում էր նաեւ ժողովրդից թալանված գումարները վերադարձնելու խոստումը: Մյուս կողմից, սակայն, նկատենք՝ Փաշինյանը մինչեւ հիմա ուղղակի չի անդրադարձել մարտի 1-ի գործին ու մասնավորապես Քոչարյանի կալանավորման, հետո ազատ արձակման թեմային: Օրերս Տավուշի մարզ այցի ժամանակ, երբ լրագրողները Փաշինյանի տեսակետն են հարցրել, վարչապետը հրաժարվել է խոսելուց` ասելով, թե իր խոսքերը կարող է ընկալվել որպես ճնշում: Ներկա ու նախկին իշխանությունների տարբերություններից մեկն էլ հենց սա է. իսկ հիշո՞ւմ եք՝ նախորդ քսան տարիներին ե՛ւ Ռ. Քոչարյանը, ե՛ւ Ս. Սարգսյանը նման քաղաքական հնչեղություն ունեցող դեպքերում ի՞նչ հայտարարություններ էին անում` այդկերպ ուղղորդելով իրավապահներին:




Լրահոս