Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՅԴ-ի ջրերը տեւական ժամանակ է՝ մեկ առվով չեն հոսում, չնայած ՀՅԴ-ն շարունակում է նրա կառավարության մաս կազմել: Նրանց հարաբերություններն ավելի սրվեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղի ունեցած իրադարձություններից հետո: Երեկ էլ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է. «Ճիշտ է ասում Նիկոլ Փաշինյանը, ինքը չի կարող մեզ բռնի և պահի, մենք երբ ուզենանք, կգնանք, ինքը ճիշտ է ասում, բայց մի բան էլ կա, ինքն է մեզ հրավիրել ազգային կառավարության մաս կազմելու, մենք չենք խցկվել այնտեղ, ինքն է մեզ հրավիրել, մենք ընդառաջել ենք իր հրավերին»։ Իսկ հարցին՝ ՀՅԴ-ն պատրաստվո՞ւմ է դուրս գալ կառավարությունից, նա պատասխանել է. «Մենք, ճիշտն ասած, չենք պատրաստվում, ոնց որ չէինք պատրաստվում կառավարության մաս կազմել։ Մենք չէինք պատրաստվում կառավարության մաս կազմել, Նիկոլ Փաշինյանի դիմումի հիման վրա ենք մենք մաս կազմել ուրիշ բան չասելու համար»:
Համաձայնեք, իսկական ՀՅԴ-ականին վայել կեցվածք է, երբ «դեմ ըլլալով` կողմ կբոռան»: ՀՅԴ-ն բացահայտ ցույց է տալիս, որ Փաշինյանի կառավարության մոտեցումները չի կիսում, բայց եւ շարունակում է այդ կառավարության մաս կազմել` օգտվելով իշխանության ընձեռած բարիքներից, ձեւացնելով, թե այդպես մեծ լավություն է անում դիմացինին: Այս գործելաոճը ՀՅԴ-ի դեպքում նորություն չէ: Նախկինում էլ նրանք պարբերաբար նման զեղումներ ունեցել են` այդպես փորձելով քաղաքական առեւտրում բարձրացնել իրենց գինը: Իսկ առջեւում քաղաքական մեծ առեւտուր է սպասվում, արտահերթ ընտրություններ, նոր կառավարության ձեւավորում:
Ի դեպ, հենց այս պահվածքն էր պատճառը, որ երբ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք` 2016թ. փետրվարին, ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության հուշագիրը, հստակ ամրագրվեց իշխանության գործունեության համար ամբողջական պատասխանատվության դրույթը: ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ մոտ քսանամյա համագործակցությունից դասեր քաղել էր ու գիտեր՝ պետք է նման պայմաններ դրվեն: Բայց դա չխանգարեց, որ հարկ եղած դեպքում ՀՅԴ-ն արհամարհի այդ պարտավորությունը: Փաշինյանն էլ իր կառավարության առաջին նիստերից մեկում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հարցի շուրջ ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանի հետ բանավեճի ժամանակ ասել էր. «Ովքեր այս պատասխանատվությունը վերցում են, մեզ հետ են, ովքեր չեն վերցնում, մեզ հետ չեն»: Ու ՀՅԴ-ն նաեւ հիմա է նույնկերպ վարվում՝ կրկին խուսափելով իշխանության համար ստանձնած պատասխանատվությունից, չնայած ՀՅԴ-ի կարգախոսներից մեկն ասում էր. «Հին ընկերները չեն դավաճանում»: