Ում միջոցով է Ռոբերտ Քոչարյանը ցանկանում վերադառնալ քաղաքականություն. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եւ այսպես, Ռոբերտ Քոչարյանը երեկվա հարցազրույցում հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին: «Համարեք, որ վերադարձել եմ»,- հայտարարեց նա: Սակայն երեկ նա անպատասխան թողեց ամենակարեւոր հարցը` ո՞ր կուսակցության միջոցով է պատրաստվում վերադառնալ քաղաքականություն: «Կարող է լինել տարբեր ֆորմատներով այդ վերադարձը: Ես կարող եմ խոսել պատճառների մասին, թե ինչու եմ մտածում, որ պարտավոր եմ վերադառնալ քաղաքականություն»,- ասել է նա: Այնինչ ամենակարեւորը հենց այս հարցի պատասխանն էր: Սա մեկ պարզ պատճառով. սահմանադրական փոփոխություններից հետո, երբ Հայաստանում հաստատվեց խորհրդարանական կառավարման համակարգ, անկուսակցական անհատներն, ըստ էության, զրկվեցին քաղաքականությամբ զբաղվելու՝ ընտրություններին մասնակցելու, իշխանության գալու հնարավորությունից: Իսկ Ռոբերտ Քոչարյանն անկուսակցական է: Ու հիմա հայաստանյան որեւէ քաղաքական ուժ կամ քաղաքական ուժերի դաշինք դեռ պետք է համաձայնի նրան առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընտրացուցակի առաջին համարում ընդգրկել, ու այդքանից հետո դեռ պետք է կարողանա ձայներ ստանալ:

Քաղաքական դաշտի հիմնական խաղացողներից ոչ մեկը մինչեւ հիմա բացահայտ չի հայտարարել Քոչարյանի հետ համագործակցության պատրաստակամության մասին: Միայն օրերս ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը չէր բացառել նման հավանականությունը: Սակայն չբացառելը դեռ չի նշանակում, որ ՀՅԴ-ն համաձայնելու է (թեկուզ եւ ձախողման հեռանկարից վախեցած): Այնպես որ, Քոչարյանին մնում է սեփական կուսակցությունը բացել: Միայն թե այստեղ էլ նա, կարծես թե, ռեսուրսի խնդիր ունի: Համենայն դեպս, որքան էլ երեկ նա պնդում էր՝ կալանավայրից դուրս գալուց հետո շատերն իրենց աջակցությունն են հայտնել` տեսակետ հնչեցնելով, որ չեն ընդունում նրա հանդեպ կատարվողը, միեւնույն է, այս օրերի ընթացքում ի պաշտպանություն նրա ընդամենը մեկ բողոքի ցույց է անցկացվել, այն էլ՝ սակավամարդ:

Մեկ փաստ էլ. նման իրավիճակում նրա հայտարարությունները, թե այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքում եթե անգամ 100 հազար մարդ հավաքվի, ճնշող մեծամասնություն չէ, մեղմ ասած, ծիծաղելի է: Ավելին` եթե հիշում եք, Սերժ Սարգսյանն էլ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ էր հոխորտում, թե 7-8 տոկոս ստացած ուժը ժողովրդի անունից խոսելու իրավունք չունի, բայց հաջորդ օրն իսկ հրաժարական ներկայացրեց՝ հայտարարելով. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի»:




Լրահոս