Սա կարևոր միջոց է չկորցնելու ուղղակի և կենդանի շփումը հանրության հետ. Հովհաննես Մանուկյանը` Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է Արդարադատության նախկին նախարար, Վրաստանում ՀՀ նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանը:

-Պարոն Մանուկյան, այսօր տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը։ Ո՞րն է ձեր կարծիքով այս ակցիայի նպատակը, ի՞նչ կանխատեսում ունեք դրա ընթացքի վերաբերյալ և ի՞նչ կցանկանայիք լսել հանրահավաքային ամբիոնից։

-Նախ, միարժեք դրական եմ գնահատում հանրահավաքի գաղափարը․ Հայաստանի ներկայիս կառավարությունն ըստ էության ձևավորվել է հեղափոխական ալիքի վրա հենց հրապարակում և տրամաբանական է հարյուր օրվա ամփոփումն ու հաշվետվությունը տալ հենց ժողովրդին անմիջականորեն։ Նաև սա կարևոր միջոց է չկորցնելու ուղղակի և կենդանի շփումը հանրության հետ։ Վստահ եմ որ չափազանց մարդաշատ է լինելու հրապարակը և ժողովրդի ոգևորության էներգիան նոր լիցք կստանա։ Այսօր, ինչպես 3 ամիս առաջ, պետք է լինել Նիկոլի կողքին և բոլոր մտահոգ և հայրենասեր մարդկանց կոչ եմ անում ներկա լինել հանրահավաքին։ Սակայն շատ ավելի կարևոր են այն ուղերձները, որոնք Նիկոլ Փաշինյանը կհղի հայ հանրությանը։ Ես կուզեի վարչապետի շուրթերով խոսեր իշխանության հաստատակամ ուժը՝ հնչեցնելով այսօրվա օրակարգային ամենաէական հարցերի վերաբերյալ նրա հստակ մոտեցումները և առաջիկա պրակտիկ քայլերը։ Որպես առավել էական խնդիր չափազանց կարևոր է խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամկետի հրապարակումը։ Բազմիցս ասել եմ, որ Փաշինյանի կառավարության ողջ գործունեությունը որպես հիմնանպատակ պիտի ունենա լեգիտիմ խորհրդարանի ձևավորումը։

– Վտանգ չե՞ք տեսնում արդյոք հանրահավաքի տապալման, և ընդհանրապես, Փաշինյանի կառավարության ձախողման, այսպես կոչված հակահեղափոխության ռևանշի։

– Վտանգ միշտ կա, եթե կառավարությունը ռիսկերը ճիշտ չգնահատի և գրագետ քայլեր չանի։ Այսպիսի հզոր ժողովրդական ալիքի վրա իշխանության գալուց հետո չհաջողելը երկիրը ետ կգցի մի քանի տարով՝ չհաշված հանրային ապատիան։ Միևնույն ժամանակ, եթե հակահեղափոխական ուժեր ասելով նկատի ունեք նախկին իշխանություններին, ապա ես դա հնարավոր չեմ համարում քանզի այդ ուժերը հանրային որևէ լուրջ աջակցություն չունեն, թեև նրանց կողմից տիրապետվող ֆինանսական, մեդիա և այլ ռեսուրսները հնարավորություն են տալիս թիրախային ցավոտ հարվածներ հասցնել Փաշինյանի կառավարությանը։ Միևնույն ժամանակ եկեք հիշենք Սերժ Սարգսյանի հրաժարականին նախորդած հայտարարությունը․ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի» մեջբերումը չի վերաբերում միայն Մարիոթում հայտնի հանդիպման ժամանակ Սարգսյանի կողմից իրավիճակին չտիրապետելու մասին Փաշինյանի հնչեցրած մտքին։ Սա փաստացի ճանաչումն է նախկին իշխանությունների ձախողումների և այդ իշխանության շարունակման անհնարինության։ Բայց հարցը սրանով չի ավարտվում։ Որքան կարևոր է նոր իշխանությունների հաջողելը, այնքան կարևոր է երկրում ուժեղ ու որակյալ ընդդիմության ձևավորումը։ Այս ուղղությամբ անհրաժեշտ են առարկայական քայլեր քաղաքականապես ակտիվ և մտահոգ անձանց և ուժերի կողմից։ Կառավարությունն էլ ունի անելիք։

– Իսկ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հավակնություննե՞րը։ Արդյո՞ք դրանք իրատեսական չեն։ Նաև խնդրում եմ մեկնաբանել երեկ Երկիր Մեդիային տված հարցազրույցը։

-Երկրորդ նախագահն իր պաշտոնավարումից հետո շուրջ մեկ տասնամյակ փաստացի ներկա չի եղել երկրի քաղաքական և հասարակական կյանքում և ես իրատեսական չեմ համարում այդ քաղաքական հավակնությունները։ Դրա ապացույցն էր նաև երեկվա հարցազրույցը։

– Առաջիկայում մայրաքաղաքում սպասվում են ավագանու և Երևանի քաղաքապետի ընտրություններ։ Ինչո՞վ եք այս իրադարձությունը կարևորում և ինչպիսի՞ քաղաքապետ կուզեիք ունենար մեր քաղաքը։

-Կարևորագույն արդյունքը, որ կարող է արձանագրվել, դա վերջին 25 և ավել տարիների ընթացքում առաջին ազատ, թափանցիկ և արդար ընտրությունների կազմակերպումն է։ Քաղաքապետի անձը երկրորդական և ածանցյալ է այս հիմնախնդրից։ Թեև կարծում եմ Հայկի ինտելեկտն ու աշխարհայացքը կբավականացնեն քաղաքի զարգացման տեսլականն ուրվագծելու, իսկ ազնվությունը՝ հրաժարական տալու, եթե ինքն այդ հարցում չհաջողի։ Իսկ ընդհանրապես, հետագայի համար, ցանկալի է գնալ մոդելի, երբ Երևանի քաղաքապետը երկրի ընդգծված քաղաքական առաջնորդներից մեկն է լինում միշտ։ Այս ընտրությունները կլինեն կառավարության փորձաքարը, և դրանց որակով անցկացումը լավագույն նախադեպը կլինի գալիք խորհրդարանական ընտրությունների համար։ Թաղային խուժանի և «տասհազարների» ազդեցությունը պետք է ի չիք դարձնել։

– Այս օրերին շատ խոսվեց դատարանների մասին, արդարադատության որակի և անկողմնակալության։ Ինչպիսի՞ն է ձեր գնահատականն այսօր դատական համակարգին։

– Այս համակարգն ինձ շատ հոգեհարազատ է, ավելի քան 10 տարի իմ գործունեությունից նվիրել եմ դատական համակարգին, ունեմ շատ ընկերներ և մտերիմ մարդիկ այստեղ ծառայող։ Ցավոք պիտի արձանագրեմ, որ դատական համակարգն այսօր լավագույն օրերը չի ապրում։ Սահմանադրական անհավասարակշիռ լուծումները, կոնկրետ անձանց հագով կարված կոստյում-համակարգերը իրենց չար գործն արեցին։ Փաստն այսօր դատավորների մեծամասնության մոտ առկա խուլ դժգոհությունն է։ Տպավորություն է, թե որոշ գործիչներ նպատակադրված տարիներ շարունակ աշխատել են դատական համակարգը թուլացնելու և համակարգային առումով ոչ ևս դարձնելու ուղղությամբ։ Այս ամենի արդյունքում ունեցանք փաստացի մի իրավիճակ, երբ նիհիլացվեց վճռաբեկ դատարանի՝ պես կարևորագույն ատյանի կարգավիճակն ու դերակատարությունը։ Իմ խորին համոզմամբ դատարանների գործունեությունը կանոնակարգող սահմանադրական նորմերը հիմնարար վերանայման կարիք ունեն, և դա նոր քաղաքական լիդերների կարևոր պարտականություններից մեկն է։ Իհարկե խոսքը սահմանադրական բարեփոխումների մասին է ընդհանրապես, ոչ միայն դատական համակարգի համատեքստում։

-Իսկ մյուս իրավապահ մարմիններն ըստ ձեզ կարողանում են բավարար իրականացնել իրենց գործառույթները։ Ի՞նչ դիտարկում ունեք այս հարցում։

-Բավարար ինֆորմացված չեմ օբյեկտիվ գնահատական տալու համար, սակայն առաջին հայացքից նկատելի են բացթողումներ, անթույլատրելի երևույթներ։ Ոստիկանությունը պետք է լինի իր բարձրունքում, անթույլատրելի է հանդուրժողական վերաբերմունքն իրավախախտների և հանցագործների նկատմամբ՝ լինեն դրանք ոստիկանության բաժին ներխուժող ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ, թե քաղաքացիական ակտիվիստներ, որոնք խոչընդոտում են պետական պահպանության ծառայության աշխատակցի աշխատանքը։ Այս փուլում հույժ կարևոր է քննչական մարմինների աշխատանքի որակը, որովհետև վաղը դատարաններն օրինականության դաշտում են քննելու առաջադրված մեղադրանքները, իսկ դրանց «ջարդվելը» դատարանում շատ ծանր կանդրադառնա ոչ միայն քննչական մարմինների վրա։ Հիշենք նաև, որ ցանկացած գործ տեսականորեն ներպետական ընթացակարգերից հետո կարող է հայտնվել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում։ Ուրախությամբ կարելի է արձանագրել, որ իրավապահ այնպիսի կարևորագույն կառույց, ինչպիսին ԱԱԾ-ն է, լուրջ հեղինակություն է ձեռք բերել անցած ամիսներին և դա կոնկրետ աշխատանքի արդյունք է։ Որպես փաստարկ ասածիս բերեմ այն հանգամանքը, որ ժողովրդական «սլենգում» ԿԳԲ հապավում արդեն գրեթե չի օգտագործվում:




Լրահոս