Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարները կրկին գործադուլ են անում. որն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հյուսիս-հարավ ավտոճանապարհի` Թալին-Լանջիկ ու Լանջիկ-Գյումրի հատվածի հայ շինարարները գործադուլ են անում: Արդեն 3 օր է` նրանք հրաժարվում են աշխատանքի դուրս գալ: Բանվորները կապալառու չինական «Սինոհիդրո» ընկերությունից պահանջում են բարձրացնել աշխատավարձերը, կրճատել աշխատաժամերը եւ շինաշխատանքների ընթացքում ապահովել իրենց անվտանգությունը: Հյուսիս-հարավի շինարարությունն արագացնելու համար չինական ընկերությունը հավելյալ աշխատաժամեր է սահմանել, բայց արի ու տես, որ հրաժարվում է վճարել հավելյալ գումար:

Օրեր առաջ էլ Շիրակի մարզպետին էին դիմել Հյուսիս-հարավ Տրանշ 3 /Լանջիկ- Գյումրի շուրջ 27.5 կմ/ հատվածի շինարարական աշխատանքներն իրականացնող «Սինոհիդրո» կազմակերպության գործվածքի /ամրանագործներ/ եւ բետոնալցման բաժնի մի խումբ աշխատակիցներ աշխատավարձերի, աշխատաժամերի եւ անվտանգության հարցերով: «Սինոհիդրո» հայաստանյան մասնաճյուղի փոխտնօրեն Լիու Մինգջիան համաձայնել է, որ աշխատաժամերի հարցը տարբերվում է մեր երկրում գործող օրենքներից. իրենք չունեն մեր նման մեկժամյա վճարովի ընդմիջում, սակայն խոստացել են հարցը հստակեցնել իրենց իրավաբանի հետ: Նույն աշխատանքներն իրականացնող իսպանական կազմակերպությունն ավելի շատ է վճարում: Թե ինչու, պարզաբանում չի տրվել:

Հանդիպումից հետո օրեր են անցել, սակայն աշխատակիցների բողոքը դեռ օդից կախված է. «Մենք աշխատում ենք պարտաճանաչ: Մեկ ժամվա համար 420 դրամ ենք ստանում: Առաջին 8 ժամը վճարում են մեկ ժամվա համար 420 դրամ, ժամը 18:00-ից հետո` 630 դրամ: Դա շատ քիչ է մեր կատարած աշխատանքի դիմաց: Հանգստյան օրեր չունենք: Աշխատում ենք մինչեւ երեկոյան 22:00-ն: 40 հատ բետոն եմ շարում այդ ընթացքում: Մեզ հետ պայմանագրեր էլ չեն կնքում: Ես 10 հոգի աշխատակից եմ բերել: Տրանսպորտի խնդիրն էլ չեն լուծում: Մենք աշխատում ենք, իրենք` հարստանում: Հանում են 9 մետր բարձրության վրա, որ կարողանանք երկաթե շթեր շարենք, անվտանգությունը պահպանված չէ: Քանիսն են կոտրվածքներ ստացել, եւ ոչ մի արձագանք»,- ասում է ընկերության աշխատակիցներից մեկը:

Մոտ 20 հոգի են գործադուլ անողները: Գործադուլը ավելի են ձգձգում աշխատանքները: Իսկ օրեր առաջ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ չինական ընկերությունը հետ է մնում Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի հատվածների կառուցման պայմանագրային ժամկետներից: «Գնային սահմանումը չլինի, մենք չենք աշխատելու, պատրաստ ենք փակել ճանապարհները: Մինչեւ հիմա աշխատավարձ չենք ստացել:

Հայերի նկատմամբ վերաբերմունքը շատ վատ է: Մեր տղաներից մեկին էլ խփել են: Մեզ վիրավորում են ու չեն թողնում նորմալ մթնոլորտում աշխատենք: Ո՞վ է չինացիներին տվել այդ իրավունքը»,-հավելեց մեկ այլ աշխատակից:

Թե ինչպես կհանգուցալուծվի խնդիրը, պարզ չէ: Ճանապարհաշինարարները նամակով դիմել են Շիրակի մարզպետին, պատրաստ են բողոքը տեղ հասցնել ամենավերին ատյաններ, մինչ չվերակագնվի իրենց իրավունքը:

Շուշանիկ Օհանյան
Գյումրի




Լրահոս