Զգուշացիր վիճակագրությունից. պահպանվող գործելաոճը ժամանակին կոշտ քննադատում էր անձամբ Նիկոլ Փաշինյանը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիճակագրական կոմիտեն նախօրեին հրապարակեց այս տարվա հունվար-հուլիս ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշները: Բոլոր ոլորտներում աճ ենք արձանագրել, այն էլ` նկատելի տեմպերով: Սա կարեւոր փաստ է, եթե հաշվի առնենք գարնան ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները: Նաեւ այդ պատճառով է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը վիճակագրական ցուցանիշների մասին խոսելիս ընդգծում են` թավշյա հեղափոխությունը ոչ միայն բացասաբար չանդրադարձավ երկրի տնտեսության վրա, այլեւ, ընդհակառակը, աճ է արձանագրվել: Վարչապետի ոգեւորությունը հասկանալի է: Միաժամանակ, սակայն, նկատենք` վիճակագրական ցուցանիշները «վարվեցողության հատուկ կանոններ են պահանջում». այդ թվերը հիշատակելիս պետք է շատ զգույշ լինել:

Հասարակությունը վաղուց ի վեր կորցրել է հավատը պաշտոնական վիճակագրության հանդեպ նախկին իշխանությունների պատճառով: Հիշում եք` ՀՀԿ իշխանությունները տարիներ շարունակ փորձել են հասարակությանը «կերակրել» ուռճացված ցուցանիշներով, երբ մարդկանց փորձում էին համոզել, թե այլեւս լավ են ապրում` որպես ապացույց մատնանշելով ԱՎԾ արձանագրած «աննախադեպ աճը»: Ու հիմա հասարակության մի ստվար զանգված հակված չէ հավատալու նաեւ այս իշխանության թվերին եւ կառավարության գործելաոճը գնահատելու սեփական չափանիշներն ունի` արդյո՞ք այս ընթացքում բարելավվել է իր կենսամակարդակը, արդյո՞ք ավելացան եկամուտները եւ այսպես շարունակ: Ի դեպ, վարչապետ Փաշինյանն ինքն էլ հայտարարել է, թե «տնտեսական աճի կառուցվածքը փոխելը մեր քաղաքական առաջնահերթություններից է: Մեզ պետք է այնպիսի տնտեսական աճ, որի ամեն տոկոսը մարդիկ զգան իրենց կյանքում»:

Կա մեկ ուրիշ խնդիր եւս. այս ընթացքում չի փոխվել Վիճակագրական կոմիտեի` սոցիալ-տնտեսական ցուցանիշներ հավաքագրելու մեթոդաբանությունը: Սա նշանակում է, որ Վիճակագրական կոմիտեն այսօր էլ շարունակում է աշխատել այնպես, ինչպես ժամանակին աշխատում էր ԱՎԾ-ն:

Գործելաոճ, որը ժամանակին կոշտ քննադատության է արժանացել Նիկոլ Փաշինյանի կողմից. հիշում ենք` Փաշինյանը եւ իր թիմի անդամները նախկինում մշտապես կասկածի տակ էին դրում ԱՎԾ ցուցանիշները` համարելով դրանք ուռճացված, նկարված: Էլ չենք ասում ԱՎԾ ղեկավար Ստեփան Մնացականյանի հասցեին քննադատությունների տարափը, որ եղել է մշտապես:




Լրահոս