ՀԱՐՑ. Երեխաս ծնվել է ապրիլին: Երեխայի խնամքի համար նախատեսված 18.000-ականները սկսել եմ ստանալ հոկտեմբերից: Ուզում եմ տեղեկանալ, թե ինչո՞ւ եմ այդքան ուշ ստացել: Խնդրում եմ ասեք` իրականում ե՞րբ պետք է ստանայի իմ գումարը:
Արմինե Թորոսյան (Զվարթնոց)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ` խնամքի նպաստ) իրավունք ունի երեխայի` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ` խնամքի արձակուրդ) գտնվող ծնողը մինչեւ երեխայի երկու տարեկան դառնալը:
Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` խնամքի նպաստը նշանակվում է դիմումը խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում ներկայացվելու դեպքում` խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում: Նշված ժամկետից հետո դիմում ներկայացնելու դեպքում նպաստը նշանակվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
Ելնելով վերոգրյալից` մինչեւ երկու տարեկան երեխայի ծնողը խնամքի նպաստի իրավունք ունի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում դիմելու դեպքում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ներկայացված փաստաթղթերի եւ առկա տեղեկատվության հիման վրա տարածքային բաժինը տասն աշխատանքային օրվա ընթացքում որոշում է`1) մերժել նպաստ նշանակելը եւ դրա մասին տեղեկացնել դիմողին. 2) նշանակել եւ վճարել նպաստը: Ի դեպ, եթե դիմողն օտարերկրյա քաղաքացի է, ապա ներկայացվում է նաեւ այլ պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստն ստացած չլինելու վերաբերյալ փաստաթուղթ:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: