Ցորենի բերքատվությունը մեկ տարում 174 հազար տոննայով նվազել է. գյուղացին հրաժարվում է հող մշակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ցորենի արտադրության ինքնաբավության մակարդակը ցածր է: Մինչդեռ ցորենը, ինչպես հայտնի է, ռազմավարական առումով կարեւորագույն բնամթերքներից մեկն է: Որոշ մասնագետներ մտահոգված են` Հայաստանն արդյո՞ք կարող է իր բնակչությանը ապահովել իր արտադրած ցորենով: Բայց պաշտոնական վիճակագրությունը հակառակն է ապացուցում:

Հայաստանի նախորդ կառավարությունները գյուղատնտեսության նախարարների շուրթերով մշտապես խոստացել են բարձրացնել ցորենի ինքնաբավության մակարդակը: Բայց խոստումները ոչ միայն չեն իրականացվել, այլեւ տարեցտարի մեր երկրում ցորենի բերքատվությունը նվազել է: Այս իրավիճակը մտահոգիչ է, եթե մյուս կողմից հաշվի առնենք այն հանգամանքը, որ երկու հարեւանների հետ Հայաստանի սահմանները փակ են: Ասել է, թե մեր երկիրը շարունակում է շրջափակման մեջ մնալ: Սրան գումարած պատերազմական վիճակը, պետք է լրջորեն մտածել պարենի ինքնաբավության մասին:

Գյուղատնտեսության նախարարությունը մշտապես կարեւորել է հացահատիկի արտադրության ավելացումը: Ավելին` նախորդ կառավարությունը հայտարարել էր, որ ցորենի ինքնաբավության մակարդակը 30 տոկոսից ավելացել է` անցնելով 50 տոկոսը: Բայց վիճակագրական կոմիտեն այլ տվյալներ է ներկայացնում:

Պաշտոնապես Հայաստանում անցած տարվա ընթացքում նվազել է ցորենի բերքատվությունը: Հայաստանում գյուղացիները մեկ տարվա ընթացքում 174 հազար տոննայով ցորեն քիչ են հավաքել: Նկատենք, որ ցորենի բերքատվությունը 2011 թվականից սկսած աճել է 2015 թվականը ներառյալ, բայց 2016-ից սկսած այն նվազել է: Իսկ ահա անցած տարի, 2016 թվականի համեմատ, ցորենի բերքատվությունը մոտ 50 տոկոսով նվազել է: Եթե 2016-ին մեր հողօգտագործողները հավաքել են 350 հազար 400 տոննա ցորեն, ապա 2017-ին` 176 հազար 400 տոննա ցորեն: Գաղտնիք չէ, որ այս պակասը լրացնելու նպատակով վերջին տարիներին ՀՀ ցորեն հիմնականում ներկրում է ՌԴ-ից:

Ասել է, թե սպառվող ցորենի հիմնական պաշարները ներկրվում են, ոչ թե արտադրվում: Մինչդեռ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները եթե ոչ ինքնաբավ երկիր դառնալու, ապա ցորենի պահանջարկի զգալի մասն ապահովելու համար: Չէ՞ որ ե՛ւ հողատարածքներն են բավարար, ե՛ւ գյուղացիների ցանկությունը: Ինչպես հայտնի է` ներկրված ցորենի գինն ավելի ցածր է, քան տեղականինը: Սա է պատճառը, որ մարդիկ հիմա նախընտրում են ցորեն ներկրել, ոչ թե ցանել ու հավաքել: Իսկ էժան գնով ցորեն ներկրելու արդյունքում տեղականը դառնում է ոչ մրցունակ: Այս ամենի արդյունքում գյուղացին հող չի մշակում, ցորեն չի ցանում, որովհետեւ այն այլեւս ձեռնտու չէ:

Վերջին մի քանի տարիներին Հայաստանում նվազել է նաեւ կարտոֆիլի բերքատվության չափը: Օրինակ` եթե 2016 թվականին կարտոֆիլի բերքատվությունը կազմել է 606 հազար 300 տոննա, ապա 2017-ին հավաքվել է 547 հազար 400 տոննա կարտոֆիլ, ուղիղ 58 հազար 900 տոննայով պակաս: Մինչդեռ 2012 թվականին Հայաստանում հավաքվել է 647 հազար 200, 2013 թվականին` 660 հազար 500, 2014-ին` 696 հազար 100, 2015-ին` 607 հազար 700 տոննա կարտոֆիլ: Համաձայնեք, որ այս պատկերը խիստ մտահոգիչ է: Եթե այս տեմպերով գնա, ապա հաջորդ տարի գյուղացիները կսկսեն կարտոֆիլի մշակությամբ շատ քիչ զբաղվել: Դժվար չէ կռահել, որ այս ամենի արդյունքում Հայաստանը կսկսի մեծ քանակությամբ կարտոֆիլ ներկրել:

Կարտոֆիլից բացի` սարսափելի պատկեր է գրանցվել նաեւ բանջարանոցային մշակաբույսերի մասով: Այս դեպքում անցած տարի, 2016 թվականի համեմատ, 107 հազար 600 տոննայով պակաս է բանջարանոցային մշակաբույս հավաքվել: Եթե 2016 թվականին հավաքվել է 968 հազար 600 տոննա բանջարանոցային մշակաբույսեր` լոլիկ, վարունգ, կաղամբ, բողկ, գազար եւ այլն, իսկ անցած տարի` 861 հազար տոննա: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2015 թվականից սկսած գյուղացիները սկսել են քիչ մշակել բանջարանոցային մշակաբույսեր: Եւ զարմանալի չէ, քանի որ գյուղացիներն անցած տարի ոռոգման ջրի պահանջով անգամ ճանապարհներ փակեցին: Ավելին` գյուղացիների մեծ մասի ցանած լոլիկը, սմբուկը, վարունգը արեւի տակ չորացան, որովհետեւ ջուր չկար:

Բոստանային մշակաբույսերը` սեխը, ձմերուկը եւս անցած տարվա ընթացքում, 2016 թվականի համեմատ, 20 հազար 300 տոննայով քիչ է հավաքվել: 2016 թվականին հավաքվել է 236 հազար 100, իսկ 2017-ին` 215 հազար 800 տոննա բոստանային մշակաբույս: Ընդ որում, բերքատվության նվազումը արձանագրվել է 2015 թվականից սկսած:

Փոխարենը անցած տարի խաղողի բերքատվությունն է աճել. վիճակագրական կոմիտեի տվյալներով` Հայաստանում 2016 թվականին հավաքվել է 178 հազար 800, իսկ 2017-ին` 210 հազար տոննա խաղող: Բայց այս տարի հնարավոր է խաղողի բերքատվությունը թեկուզ չնչին, բայց նվազի: Քանի որ որոշ հողօգտագործողների խաղողի վազերը հիվանդացել են օիդիում, միլդյուն տեսակի հիվանդություններով:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս