Հացադուլ հայտարարած ռեժիսորի «Չնչիկ» ֆիլմը էկրան կբարձրանա՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 22-ին կինոռեժիսոր Արամ Շահբազյանը ՀՀ մշակույթի նախարարության շենքի դիմաց անժամկետ հացադուլ էր սկսել: Պատճառը նրա` մշակույթի 3 նախարար փոխած «Չնչիկ» ֆիլմն էր, որը դեռեւս 2010 թվականին պետք է ավարտվեր, սակայն անհրաժեշտ գումարն այդպես էլ չտրվեց ֆիլմին` չնայած բոլոր խոստումներին:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը «Չնչիկ»-ի՝ օդից կախված լինելու վտանգի մասին ահազանգել էր դեռեւս երկու տարի առաջ: Այն ժամանակ բարձրաձայնել էինք, որ 2010-ին կինոժապավենը հանձնվել էր Մոսկվայի «Саламандра» լաբորատորիա: Քանի որ գումար չէր եղել, որպեսզի ֆիլմը սքան արվեր (դրա համար անհրաժեշտ էր շուրջ 2.5 միլիոն դրամ), այն մնացել էր լաբորատորիայում: Ռեժիսորը, սակայն, տեղեկացել էր, որ լաբորատորիան փակվել է: Հաջողվել էր պարզել, որ ժապավենը տեղափոխել էին այլ արխիվ (Госфильмофонд РД): Այն ժամանակ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը խոստացել էր կարճ ժամանակահատվածում լուծել խնդիրը, սակայն չէր կատարել իր խոստումը: Հետագայում այս խնդիրը լուծվեց, սակայն ֆիլմի աշխատանքները կրկին կիսատ մնացին: Արամ Շահբազյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց,որ պետությունը պարտավոր է որոշակի գումար տրամադրել՝ աշխատանքներն ավարտին հասցնելու համար. «Հարկավոր են ֆինանսներ ֆիլմի հնչյունային մոնտաժի, միքսաժի, երաժշտության համար, սակայն այս խնդիրն այդպես էլ չի լուծվում: Խոսքը 18 միլիոն դրամի մասին է»,-ասաց կինոռեժիսորը:

Նա ուրախությամբ տեղեկացրեց, որ հացադուլն արդեն դադարեցրել է, քանի որ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն անձամբ անմիջապես արձագանքել է խնդրին, տարվել են բանակցություններ. «1 ժամից ավել խոսել եմ նախարարի հետ, ներկայացրել եմ խնդիրը: Նախարարն ասաց, որ արդեն գործընթաց են սկսում՝ պարզելու համար՝ որն է խնդրի առաջացման պատճառը, եւ ինչ է հնարավոր անել այն լուծելու ուղղությամբ: Իրենք հասկացան, որ խնդիրը նախորդ իշխանությունների սխալ գործելոճի հետեւանքն է: Ինձ խոստացան ամենաթափանցիկ ձեւով քայլ առ քայլ վեր հանել պրոբլեմը»:
Հարցին, թե սպասում էր արդյոք, որ արձագանքն այսքան արագ կլիներ, ռեժիսորը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ պատրաստ էի ամենավատ տարբերակից՝ հիվանդանոց ընկնելուց մինչեւ ամենալավ տրաբերակին՝ բանակցություններին: Հիմա արդեն հույս կա, որ «Չնչիկ»-ը օդից կախված չի մնա»:
Նշենք, որ «Չնչիկ»-ի հիմքում իրական մի դեպք է, որը պատահել է Հայաստանի գյուղերից մեկում: Երիտասարդ աղջկա հայրը սպանել էր դստերը, որը համարձակվել էր առանց ամուսնանալու` հղիանալ: Վախենալով, որ իր ընտանիքը կարող է ադաթով ապրող համագյուղացիների մոտ ծիծաղի արժանանալ, ընտանիքի հայրը գերադասել էր առանց ավելորդ աղմուկի «ջնջել» իր դստեր հետքը: Իսկ «չնչիկ» բառը բարբառով նշանակում է՝ «չնչին». այդպես են կոչել գյուղացի աղջկան եւ նույնիսկ մոռացել նրա իսկական` անձնագրային անունը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս