Հայաստանում այսօր հեղափոխության կարիք կա: Հեղափոխություն՝ ՀՀ քաղաքացու ուղեղում, գիտակցության մեջ, մտածելակերպում: Այդ առումով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դեռ շատ լուրջ քայլեր ունի անելու:
Կարիք կա մարդկանց գիտակցության մեջ արմատավորելու, որ ՀՀ-ում քաղաքացին բարձրագույն արժեք է, եւ որ պետության ապագան կախված է ՀՀ քաղաքացիներիցս յուրաքանչյուրից:
Կարիք կա մարդկանց գիտակցության մեջ արմատավորելու կրթություն ստանալու անհրաժեշտությունը: Եւ որ մարդուն առաջ գնալու, աշխատանք գտնելու եւ բարեկեցության հասնելու կարեւոր նախապայմաններից մեկը հենց կրթությունն է, այլ ոչ թե խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը, իսկ որ ավելի վատ է՝ կուսակցական պատկանելիությունը: Անցած տարիներին (դեռ խորհրդային ժամանակներից սկսած) տեսել ենք, թե ինչպես էին մարդիկ իշխող կուսակցության անդամ դառնում՝ պաշտոն ստանալու, աշխատանք ունենալու համար, եւ ինչպես էին զանգվածաբար լքում այդ կուսակցությունը, երբ վերջինս հեռանում էր իշխանությունից: Ի դեպ, նման խնդրի առաջ այսօր նաեւ վարչապետ Փաշինյանի կուսակցությունն է՝ ՔՊ-ն:
Կարիք կա մարդկանց գիտակցության մեջ արմատավորելու, որ բարեկեցության հասնելու համար անհրաժեշտ է աշխատել, այլ ոչ թե սպասել պետության տված նպաստին, իսկ ընտրությունների ժամանակ՝ կուսակցությունների բաժանած գումարներին: ՀՀԿ իշխանությունն այս տարիներին վարել է հակառակ քաղաքականությունը: Հանուն արդարության նշենք, որ միայն մի պահ՝ Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք փորձ արվեց փոխելու չաշխատելու, փոխարենը նպաստ ստանալու տրամաբանությունը, բայց քաղաքացիներն ընդվզեցին: Ընդվզեցին, որովհետեւ Տիգրան Սարգսյանի կառավարությունը եւ, ընդհանրապես, նախկին իշխանությունները չէին վայելում հասարակության վստահությունը, իսպառ զուրկ էին լեգիտիմությունից: Հիմա, ընդհակառակը, Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ունի լեգիտիմություն, վայելում է ժողովրդի գերակշիռ մեծամասնության վստահությունը եւ ունի հնարավորություն՝ այս հարցում բեկում մտցնելու: Մանավանդ, երբ Փաշինյանն ինքն է հայտարարում, թե կառավարությունը չի վարելու աղքատության խրախուսման քաղաքականություն, այլ «վարելու է աշխատանքի խրախուսման քաղաքականություն»: Երեկ էլ Ծաղկաձորում սփյուռքահայ երիտասարդների հետ հանդիպմանը նա շեշտել է, որ կարեւոր է՝ յուրաքանչյուր քաղաքացու համար հնարավորություն ստեղծվի իր աշխատասիրության համաձայն գտնել իրեն արժանի նշաձողը: