Ովքեր են դեմ եղել ՀԱՊԿ-ում Խաչատուրովի նշանակամանը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին 2008թ. մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգի տապալման համար առաջադրված մեղադրանքին: Իր հարցազրույցում Լուկաշենկոն հայտարարել է, թե ժամանակին ինքը դեմ է եղել այդ նշանակմանը, այլ թեկնածուներ է առաջարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, սակայն կազմակերպության մյուս անդամները մերժել են բոլոր թեկնածուներին` հօգուտ Յուրի Խաչատուրովի: «Այն ժամանակ մեզ չլսեցին: Այժմ եկել ենք այն բանին, որ բոլորն են ընդունում՝ Լուկաշենկոն ճիշտ էր այս հարցը քննարկելիս»,- ասել է Լուկաշենկոն: Անդրադառնալով ՀՀ-ում Յուրի Խաչատուրովին Սահմանադրական կարգը տապալելու համար առաջադրված մեղադրանքին` Լուկաշենկոն պատմել է, որ իրավիճակը քննարկվել է նաեւ օգոստոսի 22-ին Սոչիում Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ: «Մենք ավելի խորն ենք դիտարկել այս հարցը… Քննարկել ենք մեր համատեղ գործողությունները ՀԱՊԿ-ի շրջանակներում, այն խնդիրները, որոնք այսօր կան ՀԱՊԿ-ի ներսում եւ գործողությունների այն ուղղությունները, որոնց համար պատասխանատու են կազմակերպության անդամները»,- պնդել է նա:

Այսպիսով, եթե հիշում եք, նախկին իշխանության ներկայացուցիչները փորձում էին համոզել, թե Խաչատուրովին սահմանադրական կարգի տապալման համար մեղադրանք առաջադրելը կարող է բացասական ազդել ՀԱՊԿ անդամ երկրների հետ Հայաստանի հարաբերություններին: Նման պնդումների համար հիմք էին հանդիսացել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները: ՀՀ կառավարությունն իհարկե բավական կոռեկտ, միաժամանակ՝ ճիշտ շեշտադրումներով արձագանքեց Լավրովի հայտարարություններին: Պարզ է՝ այդ թեման քննարկվել է նաեւ հետագայում Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի, Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումների ընթացքում: Ու թեման շատ արագ փակվեց:

Իսկ հիմա ՀԱՊԿ անդամ պետություններից Բելառուսի ղեկավարը ոչ միայն չի պաշտպանում Խաչատուրովին, այլ, ընդհակառակը, հայտարարում է, թե իրենք ի սկզբանե համաձայն չեն եղել Խաչատուրովի թեկնածությանը: Ու նա բացահայտում է, որ դեմ լինելով հանդերձ` Խաչատուրովին ստիպված են ընդունել:
Իսկ հիշո՞ւմ եք՝ ինչպիսի դժվարությամբ Յուրի Խաչատուրովը հաստատվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում. այդ հարցը մի քանի անգամ տարբեր պատճառներով հետաձգվեց` տեղափոխվելով ՀԱՊԿ նստաշրջանից նստաշրջան: Հիմա, պարզվում է, հետաձգման իրական պատճառները ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցում անհամաձայնություններն են եղել:




Լրահոս