Արման Մկրտումյանն ու նրա որդին դիմադրություն են ցույց տվել հարձակվողներին. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ձորաղբյուրում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ 2018 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք են մուտք գործել դիմակավորված ու զինված 3 անձ։ Տանտերերի ցուցաբերած դիմադրության արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը վնասազերծվել է, մյուս երկուսը, ինքնաձիգից անկանոն կրակոցներ արձակելով, դիմել են փախուստի։ Դեպքի պահին տանն են եղել Արման Մկրտումյանը և նրա ընտանիքի անդամները։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Մեկ անձ ձերբակալվել է։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է 20 պարկուճ, մեկ ինքնաձիգ՝ լիցքավորված փամփուշտներով։ Նախնական տվյալներով՝ նշված ինքնաձիգը եղել է վնասազերծված ենթադրյալ հանցագործություն կատարած անձի մոտ։

Առգրավվել են տուժողի տան տարածքում գործող անվտանգության տեսախցիկների տեսագրությունները։

Մշակվել է քննչական պլան, և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, կատարված առերևույթ ավազակային հարձակմանը մասնակցություն ունեցած մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Նշանակվել են փորձաքննություններ։

Այս առնչությամբ ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է.

«Օգոստոսի 28-ին, ժամը 23.00-ին, 1988 թ. ծնված Գոռ Մ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Ձորաղբյուր գյուղում գտնվող, իրեն պատկանող առանձնատուն են ներխուժել դիմակավորված եւ զինված 3 անձինք:

Գոռ Մ.-ն եւ հայրը դիմադրություն են ցույց տվել առանձնատուն խուժած անձանց, որի ընթացքում ինքն իր անվամբ հաշվառված «Վալտեր» մոդելի գազային ատրճանակով վնասազերծել են հարձակվողներից մեկին, ում ձեռքին եղել է ինքնաձիգ, մյուս երկուսը դիմել են փախուստի:

Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 42-ամյա Հ. Ռիժենկոն եւ դեռեւս չպարզված երկու անձինք զինված ինքնաձիգներով մուտք են գործել հիշյալ տուն, որտեղ Գոռ Մ.-ն հոր հետ դիմադրություն են ցույց տվել ինքնաձիգով զինված Հ. Ռիժենկոյին, ինչից հետո չպարզված երկու անձինք անկանոն կրակոցներ են արձակել եւ դիմել փախուստի:

Դեպքի վայրի զննությամբ տան բակից հայտնաբերվել է 16 հատ 7,62 տ/չ պարկուճ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, սպորտային պայուսակ, որի մեջ եղել է կպչուն ժապավեն եւ լինգ:

Հ.Ռիժենկոն ձերբակալվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած 2 անձանց ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»:




Լրահոս