Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀԿ վերնախավի շատ ներկայացուցիչների մոտ հաճախակի են դարձել անկեղծության պոռթկումները: Սերժ Սարգսյանի հրաժարականից մի քանի օր անց ՀՀԿ ԳՄ անդամներից Դավիթ Հարությունյանը խոստովանեց իրենց սխալները, մասնավորապես «իշխանության մենաշնորհումը», որն, ըստ նրա, բողոքի ցույցերի պատճառ դարձավ: Նման ուշագրավ հայտարարություն երեկ արել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Եթե չլիներ Սերժ Սարգսյանը, նորից պետք է Հանրապետականը մեկ ուրիշ թեկնածու առաջադրեր, եւ դա նորից պետք է լիներ մեր իշխանությունը: Ցանկացած թեկնածուի դեպքում, ինձ թվում է, որ այս գործընթացը պետք է լիներ»,- ասել է Բաղդասարյանը:
Ամենամեծ ցանկության դեպքում անգամ անհնար է չհամաձայնել Վահրամ Բաղդասարյանի պնդումների հետ: ՀՀԿ-ն իշխանավարման քսան տարիների ընթացքում ընտրակեղծիքների, բռնությունների ու անգամ մարտիմեկյան սպանդի գնով շարունակել է իր ձեռքում պահել իշխանությունը` երկիրը տանելով ձախողումների ու կորուստների ճանապարհով: Իսկ այդ ընթացքում հասարակության փորձերը՝ ընտրությունների ճանապարհով, հետո հանրահավաքներով ու ընդվզմամբ, հասնելու իշխանափոխության, մշտապես հանդիպել են ռեժիմի բիրտ ուժի դիմադրությանը` այդպես խորացնելով անջրպետը, ավելացնելով ատելությունն ու մերժողական վերաբերմունքը: Ուստի, բնական էր, նման իրավիճակում ՀՀԿ-ն ում էլ առաջադրեր վարչապետի պաշտոնում, արժանանալու էր հասարակության դիմադրությանը, մանավանդ, երբ ակնհայտ էր՝ նոր Սահմանադրությամբ նրանք հիմքեր էին ստեղծել ցմահ իշխանավարման համար: Իհարկե, Նիկոլ Փաշինյանի կուսակցության ներկայացուցիչներից շատերը մի քանի անգամ պնդել են՝ եթե Սերժ Սարգսյանը չփորձեր իր ձեռքում պահպանել իշխանությունը, հասարակությանը դժվար կլիներ մոբիլիզացնել, եւ թավշյա հեղափոխությունը տեղի չէր ունենա: Սակայն Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունը պատահական չէ. լինելով իշխանության մեջ` նրանք նաեւ տիրապետել են հասարակական տրամադրություններին ու գիտեին, որ ՀՀԿ-ն մերժված է հասարակության կողմից, եւ վաղ, թե ուշ պանդորայի արկղը բացվելու է:
Միայն թե, այս ամենն իմանալով` նույն ՀՀԿ-ականները մինչեւ հեղափոխությունը փորձում էին հակառակը համոզել, թե իբր հասարակության «ուշքը գնում է» Սերժ Սարգսյանին վարչապետ տեսնելու հարցում, եւ, ընդհանրապես, ՀՀԿ-ից լավ իշխանություն չկա երկրագնդի վրա: Ինչպես ասում էր մեր ժամանակների դասականը՝ Գալուստ Սահակյանը. «Մենք ամենալավը չենք, բայց մեզանից լավն էլ չկա»: Պարզվեց հակառակը: