Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների համար այլեւս խաղի նոր պայմաններ է սահմանում: Այդպես կարելի է գնահատել կառավարության երեկվա նիստում նրա հնչեցրած հայտարարությունները ադապտացիոն շրջանի ավարտի ու այլեւս բարեփոխումների լայնածավալ գործողություններով զբաղվելու մասին: «Կառավարության, այսպես ասած, ադապտացիոն շրջանը համարում եմ ավարտված, եւ առաջիկայում մենք շատ լրջորեն պետք է զբաղվենք բարեփոխումների լայնածավալ գործողություններով, որոնք, իրենց հերթին, տնտեսական եւ քաղաքական զարգացման նոր շունչ, նոր լիցք եւ ալիք կբերեն Հայաստան: Ես կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք բարեփոխումների մեր մեթոդաբանությունը՝ հաշվի առնելով Հայաստանում առկա քաղաքական իրողությունները»,- ասել է Փաշինյանը:
Եթե հիշում եք` վարչապետը հուլիսի 20-ի ասուլիսի ժամանակ խոսել էր իր վարած կադրային քաղաքականության մասին` ընդգծելով, որ ե՛ւ հին, ե՛ւ նոր պաշտոնյաների մոտ ադապտացիայի շրջան է: «Այս իրավիճակում անխուսափելի է ադապտացիայի շրջանը, ընդ որում, սա վերաբերում է բոլորին: Այս ադապտացիայի շրջանում լինելու են մարդիկ, ովքեր բառի լավ իմաստով հարմարվելու են իրավիճակին, լինելու են մարդիկ, ովքեր չեն հարմարվելու: Սա անխուսափելի է, որովհետեւ Հայաստանում տեղի ունեցածը շարքային փոփոխություն չէ, այլ գործելակերպի, աշխատաոճի, նպատակի, ազգային եւ պետական ամբիցիաների փոփոխություն»,- նշել էր Փաշինյանը:
Հիմա, փաստորեն, կառավարության նիստում ազդարարելով ադապտացիոն շրջանն ավարտված, Փաշինյանը հատկապես կադրային քաղաքականության հարցերում իրավունք է ստանում դիմելու կտրուկ գործողությունների: Ակնհայտ է, որ իշխանության ներսում շատերը դեռ չեն ադապտացվել նոր իրողություններին` այդպես փորձելով խոչընդոտ հանդիսանալ կառավարության նախաձեռնած բարեփոխումներին: Խոսքը ե՛ւ հին, ե՛ւ հատկապես նորանշանակ կադրերի մասին է:
Այնպես որ, երեկվա հայտարարություններից հետո Փաշինյանին իսկապես լուրջ գործ է սպասվում` նախ եւ առաջ թիմը կարգի բերելու առումով: Հակառակ դեպքում կառավարությունը կհայտնվի աննախանձելի վիճակում: Ի վերջո, հասարակությանը չես կարող երկար պահել հեղափոխական ալիքի վրա բարձրացած էյֆորիայով: Ոչ էլ հասարակությունը երկար ժամանակ կհանդուրժի համացանցում իշխանության նոր ներկայացուցիչների PR ակցիաները: Ինչ-որ պահից պետք են լինելու շոշափելի արդյունքներ: Իսկ շոշափելի արդյունքներ ունենալու համար պետք է նաեւ լուրջ, պատրաստված թիմ: