Նախկինների մասին` ներկայիս օրոք. ինչ էր ենթադրում կոռուպցիայի դեմ պայքարի զեկույցը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը` OECD-ը, երեկ հրապարակած զեկույցում անդրադարձել է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին: Ըստ այդմ, OECD-ը ՀՀ-ին խորհուրդ է տվել քայլեր ձեռնարկել կառավարությունում եւ խորհրդարանում արմատացած կոռուպցիային եւ լայնորեն տարածված շահերի բախումների դեպքերին դիմակայելու համար` միաժամանակ ներկայացնելով կոնկրետ հանձնարարականներ:

Զեկույցում նշված է, որ Հայաստանը վերջին 4 տարիներին բարեփոխել է իր հակակոռուպցիոն օրենսդրությունը եւ հաստատությունները: Միաժամանակ զեկույցում նշված է, թե շարունակում է լուրջ մտահոգությունների տեղիք տալ կոռուպցիայի դեմ պայքարի օրենքներին հետեւելու բացակայությունը, ինչպես նաեւ տնտեսության մոնոպոլիզացումը:

Հայաստանը պետք է համարձակ քայլեր ձեռնարկի դատավորների եւ դատախազների անկախությունը եւ միասնականությունը ապահովելու համար, ինչպես նաեւ ակտիվացնի ջանքերը կոռուպցիայի մասին աղմկոտ դեպքերը վերհանելու, քննելու եւ դրանք դատական կարգով լուծելու ուղղությամբ՝ օգտագործելով հայտնաբերման եւ վերլուծության տարբեր աղբյուրներ:

Գաղտնիք չէ, որ նման զեկույցները մեկ օրում չեն գրվում, այլ վերլուծաբաններն ամիսներ շարունակ աշխատում են ներկայացվող թեմայի վրա: Նույնն է եղել նաեւ այս դեպքում: Սակայն Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մասին OECD-ի այս զեկույցը, դրանում ներկայացված գնահատականները, մեղմ ասած, ուշացած են, շատ-շատ ուշացած: Սա մեկ պարզ պատճառով. թավշյա հեղափոխությունից հետո ստանձնելով ՀՀ վարչապետի պաշտոնը` Նիկոլ Փաշինյանն առաջինը ձեռնամուխ եղավ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացմանը:

Եւ նրա պաշտոնավարումից մի քանի օր անց սկսվեցին բացահայտվել կոռուպցիոն ամենատարբեր սկանդալներ, հարուցվեցին քրեական գործեր, որոնցում որպես մեղադրյալ ներգրավվեցին նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի մերձավորները, եղան նաեւ աղմկահարույց ձերբակալություններ: Այդ գործընթացը շարունակվում է նաեւ այսօր, եւ դեռ շատ երկար կշարունակվի: Ասվածի ապացույցը ԱԱԾ-ում, ոստիկանությունում, ՀՔԾ-ում եւ ՔԿ-ում հարուցվող քրեական գործերն են: Այնպես որ, Փաշինյանի կառավարությանը կարելի է տարբեր հարցերում քննադատել, բայց ոչ կոռուպցիայի դեմ պայքարի համար, քանի որ այս ուղղությամբ համարձակ քայլերը երեւում են:

Երեւի OECD-ի զեկույցում ներկայացված քննադատությունն ու հանձնարարականներն ուղղված էին նախորդ իշխանություններին, բայց հրապարակվեցին հիմա: Ու լավ կլիներ, եթե այնտեղ այս առումով նրանք հստակ տարանջատեին հասցեատերերին:




Լրահոս