Կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը որևէ կապ չունի մարտի 1-ի զոհերի հետ. Ալիկ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` ՀՔԾ-ում եւս մեկ քրեական գործ է հարուցվել մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ, որն ավելի ուշ միացվել է մայր գործին: Եւ այսպես` ձեռք են բերվել ապացույցներ այն մասին, որ 2008թ. մարտի 1-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների՝ առնվազն 1300 ծառայողներ Երեւան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու նպատակով ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ գործադրելով` հարկադրաբար հիշյալ հրապարակից դուրս են հանել քաղաքացիներին, նրանց հետապնդել քաղաքի կենտրոնական հատվածներում՝ ցրելով առանձին հատվածներում հավաքված մարդկանց կուտակումները:

Սակայն ոստիկանության կողմից կատարված գործողությունների հակաօրինական լինելու վերաբերյալ կասկածները ցրելու, այդ ապօրինությունները քողարկելու, դրանք որպես իրավաչափ ներկայացնելու, ինչպես նաեւ այդ գործողությունների համար հետագայում պատասխանատվությունից ազատվելու խմբային շահերից ելնելով` ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կեղծվել եւ շրջանառության մեջ են դրվել համապատասխան պաշտոնական փաստաթղթեր, թե իբր ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում 2008թ. փետրվարի 29-ին ստացվել են տեղեկություններ «Ազատության» հրապարակում նստացույցի մասնակցող անձանց մոտ զենքի, զինամթերքի, պայթուցիկ սարքերի առկայության մասին:

Մարտի 1-ի գործով օրերս արած նոր բացահայտումների մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է մարտի 1-ի դեպքերից հետո ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած, այժմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանի հետ:

-Պարո՛ն Սարգսյան, Հատուկ քննչական ծառայությունը պնդում է, որ այն ժամանակվա ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները Ազատության հրապարակում գիշերող ցուցարարներին բռնի ուժով հեռացնելու հակաօրինական գործողությունների համար փաստաթղթեր են կեղծել՝ հայտնելով, թե իբր հրապարակում զենքի ու պայթուցիկ նյութերի առկայության մասին ահազանգեր են ստացել: Ի՞նչ կասեք այս մասին:

-Տեղյակ չեմ` ինչի մասին է խոսքը: Այդ բացահայտումների մասին չեմ լսել: Ինֆորմացված չեմ, բայց չեմ կարծում, որ ոստիկանությունը հատուկ նման գործողություններ է իրականացրել: Ինչքանով ես տեղյակ եմ, ոստիկանությունը ընդամենն իր գործն է արել, եւ չեմ կարծում, որ որեւէ մեկին միտումնավոր վնասել է: Եկեք, չխանգարենք քննությանը: Ամեն ինչ կբացահայտվի, եւ հանրությանն էլ, ինչպես հարկն է, տեղյակ կպահի այդ մասին:

-Դուք ոստիկանապետ եք նշանակվել այդ դեպքերից մի քանի ամիս հետո: Արդյո՞ք Ձեզ չեն հետաքրքրել մարտի 1-ի հետ կապված մանրամասներ:

-Այդ գործը մեր վարույթում չի եղել, ես չեմ զբաղվել դրանով: Դրանով զբաղվել են ՀՔԾ-ն ու դատախազությունը: Հետաքրքրել է այնքանով, որքանով ինձ հանձնարարականներ են տրվել պարզաբանումների եւ ոստիկանների հետ կապված: Միջամտել եմ բացահայտման աշխատանքներին այնքանով, որքանով հնարավոր է եղել:

-Ոստիկանների կողմից կեղծված փաստաթղթերի մասով ի՞նչ կասեք: Ովքե՞ր են ներկայացրել դրանք:

-Ես չեմ տիրապետում դրան: Հիմա ինչո՞ւ եք ուզում, որ ենթադրություններ անելով պատասխանեմ դրանց, հետո էլ դա դառնա ավելորդ քննարկման առարկա: Տեղյակ չեմ` ինչ կեղծ փաստաթղթերի մասին է խոսքը: Վերջապես անցել է 10 տարի: Ես ինչպե՞ս կարող եմ հիշել` ինչ փաստաթղթեր եմ կարդացել այդքան ժամանակ առաջ:

-Երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կանչեցին հարցաքննության, Դուք ասացիք, որ կարծում եք, թե Ռոբերտ Քոչարյանը կապ չունի այդ ամենի հետ: Չի՞ փոխվել Ձեր կարծիքը:

-Ես հայտնել եմ իմ անձնական կարծիքը: Նորից եմ ասում` կարծում եմ, որ նա որեւէ կապ չունի մարտի 1-ի զոհերի հետ: Նրան մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, եւ այս դեպքում էլ ես կարծում եմ, որ նա նման բան չի արել:

Ձեր կարծիքով, ո՞վ պիտի կանչվի հարցաքննության:

-Այդ հարցին կարող է պատասխանել միայն ՀՔԾ-ն: Չեմ կարող եւ չեմ ուզում որեւէ կերպ ուղղորդել:

-Այս գործի հետ կապված ոստիկաններից շատերը ցուցմունք են տվել քաղբանտարկյալների դեմ: Արդյո՞ք դա ուղղորդված չի եղել որեւէ մեկի կողմից:

-Թե ովքեր են եղել քաղբանտարկյալներ, ովքեր ինչի համար են նստած եղել, այդ մասին չեմ ուզում խոսել եւ հիմա չեմ ուզում տալ իմ գնահատականը: Ոստիկանությունն ամեն ինչ արել է իր լիազորությունների սահմաններում եւ որեւէ կեղծ ցուցմունք, այլ ապօրինի բաներ չեն եղել: Հավատացնում եմ Ձեզ` ցուցմունքներ տալը որեւէ մեկի կողմից, որեւէ կերպ ուղղորդված չի եղել: Ամեն դեպքում, իմ օրոք հաստատ չի եղել: Ինձ եւս որեւէ մեկը չի հանձնարարել ցուցմունք տալ:

-Վերջերս Ձեզ հարցաքննության կանչե՞լ են մարտի 1-ի գործով:

-Ի՞նչ կարեւոր է` ինձ կանչել են, թե չեն կանչել: Եթե ինձ հետ կապված հարցեր են լինում, ես պարզաբանումներ անում եմ: Եթե այսօր կամ վաղը որեւէ խնդիր կլինի ինձ հետ կապված, ես պատրաստ եմ ներկայանալ եւ պատասխանել բոլոր հարցերին:

Լուսինե Մինասյան




Լրահոս