ՀՀ մշակույթի նախարարությունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ, որը վերաբերում է ստեղծագործողների եւ հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցությանը։ Նախարարությունը որոշել է խրախուսել հետեւյալ ժանրերի զարգացումը՝ արկածային, դետեկտիվ, գիտաֆանտաստիկա, ֆենթըզի, սարսափ պատմություն, գեղարվեստական հուշագրություն։
Գրողների համայնքում, սակայն, այս նախաձեռնությունը միանշանակ չի ընդունվել։ Արձակագիր, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հարցնում է՝ պետության ի՞նչ հոգսն է, օրինակ՝ սարսափ ժանրի գրականությունը խրախուսելը, արդյոք կա՞ հանրային պահանջ։ Գրողը նախարարության հայտարարությունը համարում է մշակույթի զարգացման գործում պետության դերի թյուրըմբռնման արդյունք։
-Պարո՛ն Մարտիրոսյան, տեղյակ եմ, որ նախարարության նոր նախաձեռնությանը հավանություն չեք տալիս։ Ճի՞շտ եմ հասկանում՝ նկատի ունեք՝ սարսափի գրականությունը կոմերցիոն ժանր է, եւ դրա խրախուսմամբ պետությունը չէ, որ պետք է զբաղվի՞։
-Սարսափի գրականությունն Արեւմուտքում ստեղծել է մի քանի հնչեղ կերպար մի քանի դարի ընթացքում՝ Ֆրանկենշտեյն, Դրակուլա, դ-ր Ջեքիլը եւ մ-ր Հայդը, մնացածը զանգվածային մշակույթի ոլորտին են պատկանում (Mass culture): Բայց, լավ, հիմա մեր ինչի՞ն է պետք՝ պետությունը մի միլիոն դրամ տրամադրի, որ սարսափի գրականություն ստեղծվի, ո՞րն է տրամաբանությունը։ Պետությունը թող խրախուսի, ասենք, վերջին կես դարում աշխարհում ստեղծված մշակութաբանական ահռելի ժառանգությունը՝ մի ընտրանիով հասարակությանը ներկայացնելուն, որը չի կարող առեւտրային հաջողություն ունենալ։ Նույնիսկ Նոբելյան մրցանակը մեր յուրահատուկ շուկայում բավարար պայման չէ, որ գիրքը գոնե հազար օրինակով վաճառվի, հրատարակչի ծախսերը ծածկի, թարգմանիչն էլ հոնորար ստանա։
Գիտեմ իմ վերջին թարգմանության՝ Իմրե Կերտեսի «Անբախտություն» հրաշալի վեպի օրինակով։ Ու «էս նեղ մաջալին» ուզում են գրողներին խրախուսել, որ «սարսափ» գրեն։ Ուզում եմ ճշտել. գրողներին, արվեստագետներին խրախուսելն էլ մշակութային քաղաքականության ուղղություններից մեկը պետք է լինի։ Դիցուք, վեպ գրելու համար, որը երկար ժամանակ է պահանջում։ Ինքս վերջին վեպերիցս մեկը վեց տարում եմ գրել, ստացել եմ 120 հազար դրամ հոնորար. օրը մոտ 10 դրամ է գալիս։ Արդյունավետ կլինի, եթե պետությունը դրամաշնորհ տա, որ գրողը գոնե մեկ տարի միայն ստեղծագործի։ Ինձ համար չեմ ուզում, նոր վեպս արդեն վերջացրել եմ ու այլեւս այդ ժանրով չեմ գրելու, հոգնեցի (ծիծաղում է)։
-Ի վերջո, այդ փորձն ամբողջ աշխարհում կա։
-Այո, դժվար չէ դրան նույնիսկ առցանց ծանոթանալ… Կամ խորհրդակցել մարդկանց հետ, ովքեր տեղյակ են։ Նախարարության ձեռնարկն ինձ համար, մեղմ ասած, արտառոց է։ Չեմ հասկանում՝ ես ինչու պետք է որպես հարկատու, որպես ընթերցող վճարեմ Հայաստանում սարսափի գրականությունը զարգացնելու համար։ Սա պետության դերի թյուրըմռնման արդյունք է։
-Որքանո՞վ եք կարեւորում նման որոշումներ կայացնելուց առաջ հանրային քննարկումների դերը։ Այս պարագայում, կարծես թե, նման քննարկումներ չեն եղել։
– Դատելով սոցցանցային արձագանքներից՝ չեն եղել, բայց շատ կարեւոր է։ Իմ կարծիքով՝ ճիշտը հիմնադրամ ստեղծելն է։ Մշակույթի նախարարության ինչ-որ պաշտոնյա չպետք է հանձնաժողով ձեւավորի, որը անհասկանալի դրամաշնորհ հայտարարի։ Հիմնադրամի խորհրդի անդամները պետք է մասնագիտական հարգանք վայելեն, գործընթացները լինեն թափանցիկ։ Կարճ ասած՝ գրականության հոգածության առարկա են այն ժանրերը, որոնցով հնարավոր չէ փող վաստակել։
Մենք մինչեւ վերջերս խոր ճգնաժամի մեջ էինք. պետական քաղաքականությունը հավասարվել էր մի ոհմակի շահերին, իշխանությունը խրախուսում էր միայն իրեն անմռունչ ծառայող արվեստագետներին։ Հեղափոխությունից հետո պետական միջոցները արժե ծախսել ստեղծագործական հանդուգն մտահղացումներին աջակցելու համար, որոնք քաղաքացիական արիության դրսեւորումներից են, եւ դրանով նպաստում են մեր պետականության ամրապնդմանը։
Աննա Բաբաջանյան