Անիմաստի տարօրինակը. ինչու Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վերանշանակեց Հանրային խորհրդի 15 անդամներին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության որոշումները երբեմն տարակուսանքի տեղիք են տալիս: Օրինակ` կառավարության երեկվա նիստում ընդունված որոշմամբ` նշանակվել, իսկ ավելի ճիշտ՝ վերանշանակվել են Հանրային խորհրդի 15 անդամները` ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:

Այնպես որ Փաշինյանի կառավարության կողմից նման որոշումը լուրջ հարցեր է առաջացնում: Սա թեկուզ եւ այն պարզ պատճառով, որ Հանրային խորհրդուրդն իր գոյության մոտ տասը տարիների ընթացքում ապացուցել է՝ այն Հայաստանում եղած ամենաանիմաստ կառույցներից մեկն է, ՀՀ պետական բյուջեի, այդպիսով ՀՀ քաղաքացիներիս գրպանի վրա անիմաստ բեռ:

Ճիշտ է, ՀՀ Սահմանադրությամբ Հանրային խորհրդին տրված է խորհրդատվական մարմնի կարգավիճակ: Օրենսդրությամբ էլ սահմանված են այս խորհրդի խնդիրները՝ քաղաքականության մշակման եւ իրականացման գործում հասարակության տարբեր շերտերի շահերը ներկայացնելը, պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը նպաստելը, կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջեւ փոխադարձ վստահության, երկխոսության եւ գործընկերային հարաբերությունների ձեւավորմանը նպաստելը եւ այսպես շարունակ:

Բայց արի ու տես, որ այս ողջ ընթացքում Հանրային խորհրդի գոյությունը եղել է ձեւական: Ճիշտ է, այս ընթացքում նրանք նիստեր են գումարել, մի շարք կարեւոր հարցեր քննարկման առարկա դարձրել, անգամ խորհուրդը եզրակացություններ է տվել այդ հարցերի վերաբերյալ, բայց նախկին իշխանությունների որոշումների վրա Հանրային խորհրդի եզրակացությունները, խորհրդավական կարծիքը որեւէ նշանակություն չեն ունեցել:

Ավելին, հասարակության զգալի մեծամասնությունն ինքն էլ լուրջ չընդունեց Հանրային խորհրդի գոյությունը: Ու սա պատահական չէր:
Հասարակության համար էլ էր պարզ, որ ժամանակին նախագահի աշխատակազմին կից այդ կառույցը ստեղծվեց Սերժ Սարգսյանի որոշման արդյունքում՝ 2008թ. նախագահական աղմկահարույց ընտրություններից ու մարտի 1-ի իրադարձություններից հետո նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանին իր կողմը գրավելու համար: Միաժամանակ, Հանրային խորհուրդը լավ հնարավորություն էր որոշ անձանց փառասիրական մղումները բավարարելու համար: Այդպես մոտ տասը տարի:

Ու հիմա, մեղմ ասած, անհասկանալի է, երբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նոր Հայաստանում, նոր իրողությունների պայմաններում վերանշանակում է այդ կառույցի նույն անդամներին:




Լրահոս